17:50 | 11.05.23 | Հոդվածներ | exclusive 3999

Աշոտ Վարդանյանի հիմնադրած Unum-ը մրցում է OpenAI-ի հետ

Unum-ն արդյունավետ է դարձնում մեծ տվյալների մշակումը՝ պահպանումից ու վերլուծությունից մինչեւ որոնում եւ արհեստական բանականության (AI) մոդելավորում:
 
Աշոտ Վարդանյանը Unum-ը հիմնադրել է 2015 թվականին՝ որպես Deep tech մասնավոր հետազոտական լաբորատորիա՝ կենտրոնանալով հաջորդ սերնդի AI  մոդելների նախագծման վրա: Unum-ը լատիներենից թարգմանաբար նշանակում է միացում (unumity), ինչն էլ ընկերության ստեղծման հիմքում է։ Unum-ը ստեղծելիս Աշոտն այցելել է տասնյակ երկրներ, մասնակցել կոնֆերանսների՝ կապ հաստատելու աշխարհում առաջատար ձեռնարկությունների հետ, որպեսզի դրանք կապի Հայաստանին։

iTel.am-ը զրուցել է Unum-ի հիմնադիր Աշոտ Վարդանյանի հետ դպրոցական տարիքից տեխնոլոգիաների աշխարհ մտնելու, սեփական ընկերությունը ստեղծելու ու աշխարհը փոխող տեխնոլոգիաներ մշակելու մասին։

Տեխնոլոգիաների հանդեպ սերը եւ Unum-ի հիմնումը

27 տարեկան եմ ու վերջին 20 տարին կոդ եմ գրում։ Սանկտ Պետերբուրգի իմ դպրոցում 2-րդ դասարանից ծրագրավորում էինք անցնում։ Հետաքրքրությունս մեծ էր ու 5-9-րդ դասարանում հիմնականում վեբ ծրագրավորմամբ էի զբաղվում, 9-11-րդ դասարաններում՝ iOS ծրագրավորմամբ։

Այդ ժամանակ App Store-ն ուրիշ էր, հիմնականում դատարկ էր ու նոր շուկա էր ինձ համար։ Առաջիններից էի, որ հավելվածներ էր մշակում App Store-ի համար։ Հիմնականում աշխատում էի կրթական ծրագրերի վրա։ Մշակել էի տարբեր առարկաների քննություններին պատրաստվելու համար նախատեսված կրթական հավելվածներ։

Աշոտ Վարդանյանը Աշոտ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Դրանք կարող էին օրական 1000 ներբեռնում գրանցել, վճարովի էին ու մինչեւ դպրոցն ավարտելը գումար աշխատեցի եւ ֆինանսապես անկախ էի։  

Հաջորդ 4-5 տարին աստղաֆիզիկայի ուղղությամբ գնացի. ուսումնասիրում էի դրա կապը միջուկային ֆիզիկայի հետ։ Համակարգչային գիտությունների հանդեպ հետաքրքրություն միշտ եմ ունեցել։ Մի ընթացք վերադարձա իմ համալսարանի պրոֆեսորների մոտ ու ցույց տվեցի, որ այդ ժամանակվա սուպեր համակարգիչներով իրենց կատարած հաշվարկները ես իմ նոթբուքով ավելի արագ եմ իրականացնում։ Դա, իհարկե, նրանց շատ զարմացրեց. կյանքիս այն պահերից էր, երբ հասկացա, որ իմ ապագան ոչ թե ֆիզիկան է, այլ՝ համակարգչային գիտությունը։ Աշխարհին այդպես ավելի մեծ օգուտ կարող եմ տալ։

Unum-ը սկսել եմ 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, հետո տեղափոխվեցի Մոսկվա, այնտեղից էլ՝ Դուբայ։ Այնուհետեւ գնացել եմ Պեկին, Հոնկոնգ, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներ ու այդ 4 տարիներից հետո որոշեցի կենտրոնանալ մեկ վայրում ու դա դարձավ Հայաստանը, երկիր, որտեղից ժամանակին ծնողներս գնացել էին։ Հիմա արդեն ընտանիքիս եմ համոզում վերադառնալ։

Ինչ խնդիր է լուծում Unum-ը

Deep tech ստարտափ ենք, որն աշխատում է ենթակառուցվածքների վրա։ Մենք հավելվածներ չենք մշակում ու մարդկանց մեծամասնությունը մեր ծառայություններից ուղիղ կերպով, անձամբ չի օգտվում։ Նրանք օգտագործում են ծառայություններ, որոնք իրենց պրոդուկտները մշակում են մեր ենթակառուցվածքների հիման վրա։

Աշոտ Վարդանյանը Աշոտ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Աշխատում ենք B2B մոդելով, հիմնականում տվյալների բազաների (database) ու արհեստական բանականության վրա։

Փնտրում ենք ձեւեր, որ արագ ու արդյունավետ մշակենք մեծ ծավալով տվյալներ։ Սա բավականին աբստրակտ է, անկախ է դոմեյններից ու հավելվածներից։ Մեր ստեղծած միջոցները հավելվածների մշակման համար կարող են կիրառվել գրեթե բոլոր ոլորտներում՝ ֆինանսական, բանկային, տելեկոմ նաեւ պետական համակարգերում։

Օpen source տեխնոլոգիաները եւ OpenAI-ի հետ մրցակցությունը

Unum-ում մշակում ենք ներքին տեխնոլոգիաներ, որոնք հիմնականում ուղղված են շատ մեծ բիզնեսներին։ Բացի դրանից, փորձում ենք օգուտ տալ աշխարհին՝ open source տեխնոլոգիաներ մշակելով։ Դրա համար առանց եկամտի կամ դրսի ֆինանսավորման մեր ինժեներներով անվճար նախագծեր ենք մշակում, որոնք կարող են բոլորը կիրառել։

Այդպիսի մի քանի նախագիծ գործարկել ենք վերջին շաբաթների ընթացքում, որոնք արագ տարածում գտան Reddit-ում, Twitter-ում, The Hacker News-ում։

Օրինակ՝ The Hacker News-ում թրենդային էին դարձել մեր նեյրոնային ցանցերը, որոնք օգնում են համեմատել նկարների ու տեքստերի բովանդակությունները եւ գտնել անհամապատասխանությունները։ Սրանք ֆունդամենտալ նեյրոնային ցանցեր են, որոնք կարող են կիրառվել նաեւ գեներատիվ նեյրոնային ցանցերի համար, կարելի է ասել՝ դրանց ենթակառուցվածքն են։

Պատկերներ գեներացնող OpenAI-ի DALL-E-ն օգտվում է CLIP տեխնոլոգիայից: Մենք մշակել ենք դրան փոխարինող տեխնոլոգիա ու հասել ավելի բարձր որակի։ Մեր մոդելն աշխատում է 10-11 լեզվով՝ ի տարբերություն OpenAI մոդելի, որի հիմնական լեզուն անգլերենն է։

Աշոտ Վարդանյանը Աշոտ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Մեր ցանցերը 3-4 անգամ ավելի արագ ու արդյունավետ են, քան OpenAI-ի ցանցերը։ Սա նշանակում է, որ ձեռնարկությունների, բիզնեսների համար մեր ծառայություններից օգտվելն ավելի էժան է եւ որակյալ։ Մի քանի ստարտափ Հայաստանում ու Հայաստանից դուրս արդեն փորձում է կիրառել մեր Open source տեխնոլոգիաները։

Մոտ 8 հրապարակում ունենք մեր բլոգում, որոնց մեծ մասը The Hacker News-ի թոփում է հայտնվել։ Պլանավորում ենք այլ հրապարակումներ եւս։

Ներդրումներն ու հաճախորդներ

Պահանջարկն արագ է աճում, մտածում ենք ավելի ընդլայնել ընկերությունը։
Ներդրումները դեռ ներքին են։ Այս տարիների ընթացքում ինքս եմ ֆինանսավորել։
Ներկայում բանակցությունների մեջ ենք ներդրողների հետ։

photo © Մեդիամաքս


Հիմա կենտրոնացել ենք շատ մեծ ամպային տեխնոլոգիաների մատակարար ընկերությունների վրա։ Փորձում ենք զարգացնել մեր հարաբերություններն Amazon Web Services - AWS-ի հետ, որն աշխարհի ամենամեծ մատակարարն է։ Սերտ կապեր ունենք Red Hat-ի հետ։ Գրեթե բոլոր ամպային տեխնոլոգիաների մատակարարների հետ շփվում ենք.համագործակցության ու բանակցությունների տարբեր փուլերում ենք։ Հիմնականում թիրախավորել ենք ամերիկյան ու ասիական շուկաները։

Թիմը

2,5 տարի է, ինչ Երեւանում ենք։ Այստեղի գրասենյակում մոտ 15 հոգի է աշխատում։ Թիմի աշխարհագրությունն ընդարձակ է, նույնիսկ Նոր Զելանդիայից թիմակիցներ ունենք։

photo © Մեդիամաքս


Առաջիկա ամիսներին պլանավորում ենք այլ երկրներում եւս ֆիզիկական գրասենյակներ բացել։ Deep tech ստարտափների համար շատ կարեւոր է աշխատել գիտնականներին մոտ վայրում։ Հեռակա աշխատելու արդյունավետությանը չեմ հավատում, կարծում եմ՝ թիմը միասին պետք է հավաքվի ու քննարկումներ անցկացնի։ Հաջորդ գրասենյակը ուզում ենք բացել ճանաչված տեխնոլոգիական հաբ հանդիսացող երկրում։

photo © Մեդիամաքս


Թիմում ունենք տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ՝ շախմատից մինչեւ պոկեր։ Դժվար է նոր թիմակից գտնելը։ Բոլորիս կապում է խնդիրների բարդությունը, որ լուծում ենք։ Եթե սիրում եք բարդ խնդիրներ լուծել, տիրապետում եք ծրագրավորմանը, կարող եք միանալ մեզ, քանի որ ավելի բարդ փազլներ դժվար այլ տեղում գտնեք։

Նունե Գրիգորյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի