09:45 | 08.05.23 | Հոդվածներ | exclusive 2444

Նարեկի ճանապարհը՝ ռոբոտաշինության խմբակից մինչեւ «Յանդեքսի» դպրոց ու ՏՏ ոլորտ

12-րդ դասարանում Նարեկը հստակ որոշել էր. եթե ընդունվի աշխատանքի, կմնա Վանաձորում։ Եթե աշխատանք չգտավ, կտեղափոխվի Երեւան, կդիմի ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բաժին։

Ամեն ինչ դասավորվեց Նարեկի ցանկությամբ։ Դպրոցը չավարտած՝ Վանաձորի «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում աշխատելու հնարավորություն ստացավ, մասնագիտության ընտրության հարցն էլ ինքնաբերաբեր լուծվեց։

Նարեկ Ջիլավյանը Նարեկ Ջիլավյանը
photo © Մեդիամաքս


«12-րդ դասարանում սկսեցի համատեղել աշխատանքն ու դպրոցը։ Ավարտելուց հետո «ի՞նչ բուհ ընտրել» հարցի պատասխանն արդեն տրամաբանորեն կար։ Ունենալով մասնագիտական որոշակի փորձ՝ դիմեցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ծրագրային ճարտարագիտության բաժին»,- պատմում է Նարեկ Ջիլավյանը, որն արդեն երրորդ կուսում է սովորում։

Կոնստրուկտորներով Նարեկը մանկուց էր հետաքրքրված։ 6-րդ դասարանում էր, երբ սկսեց հաճախել դպրոցում նոր բացված ռոբոտաշինության խմբակ։ Ասում է`ճակատագրականը Հանքավանում անցկացված «ԴիջիՔեմփ»-ն էր, որին, տարբեր դպրոցների ռոբոտաշինության խմբակների աշակերտների հետ, նաեւ ինքն էր մասնակցում։

Նարեկ Ջիլավյանը Նարեկ Ջիլավյանը
photo © Մեդիամաքս


«Այն ժամանակ տանը համակարգիչ չունեի։ Ամեն օր ձեռքով տետրում գրում էի կոդերը, դպրոցում անցկացնում էի համակարգչի մեջ։ Քանի որ լավ էր ստացվում, ինձ շատ հետաքրքրեց։ Որոշեցի համատեղել ճարտարագիտական հմտություններն ու ֆանտազիան՝ նոր բաներ ստանալու համար։ Հետաքրքրությունն է եղել հիմնական առաջ մղող ուժը, մոտիվացիան, որ ընտրեմ ծրագրավորումը»։

Այդ ընթացքում Վանաձորում բացվեց «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցը։ Հիշում է՝ քննության օրը գնաց, պարզվեց՝ իրենց դպրոցից բազմաթիվ աշակերտներ են դիմել։ Սկզբում քննություն էր, հետո՝ հարցազրույց, երկուսն էլ ավելի շատ ստուգում էին դիմորդի տրամաբանությունն ու մաթեմատիկական մտածողությունը, քան՝ գիտելիքները։ Կարեւոր էր նաեւ մոտիվացիան։

photo © Մեդիամաքս


«Հարցնում էին մեր հետագա պլանների մասին, թե ինչքանով ենք հետաքրքրված ծրագրավորմամբ։ Հենց սկզբից բացառվում էր այն դիմորդների մասնակցությունը, որոնք վստահ չէին՝ ծրագրավորումն իրե՞նցն է, թե՝ չէ։ Երեխաների ցանկությունները, առաջնահերթություններն ավելի էին գնահատվում, քան՝ ունեցած գիտելիքները։

Ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունն իմ մեջ հենց այդ ժամանակ ծագեց, դասերի ընթացքում խորացավ թե՛ մեզ հետ աշխատող մասնագետների շնորհիվ, թե՛ ուսուցման ձեւի։ «Յանդեքս»-ի դպրոցում ոչ թե ծրագրավորման կոնկրետ լեզու էին սովորեցնում, թե որ հրամանը որից հետո է, այլ սովորեցնում էին գտնել լուծման այն եղանակը, որը հետագայում ավելի շատ է օգնում կյանքում՝ թե՛ կենցաղային խնդիրներ լուծելիս, թե՛ աշխատանքում»։

Նարեկ Ջիլավյանը Նարեկ Ջիլավյանը
photo © Մեդիամաքս


«Յանդեքս»-ի դպրոցն ավարտելուց հետո Նարեկը շարունակում էր նոր դասընթացներ փնտրել, ծրագրավորման նոր լեզուներ սովորել։ Բաց չթողեց նաեւ «Ինստիգեյթ Մոբայլ»-ի ծրագրավորման դասընթացը։

«Նորից երկու փուլով քննություն, նորից ինձնից տարիքով մեծ մարդիկ, նույն վախը, որ մյուսներին չեմ հասնի, որովհետեւ դպրոցական եմ… Բայց ընդունվեցի: Պարապմունքները շատ հետաքրքիր էին, փորձում էի դպրոցի հետ համատեղել. օրական 4-5 ժամ դպրոցում, 4 ժամ «Ինստիգեյթ»-ում, դրանից հետո տնայիններ, դպրոցի դասեր։ Առաջին 2-3 ամիսը շատ դժվար էր, մինչեւ սկսվեց ամառային արձակուրդը»։

Նարեկ Ջիլավյանը Նարեկ Ջիլավյանը
photo © Մեդիամաքս


Իսկ ամառային արձակուրդից հետո Նարեկն անցավ աշխատանքի։ «Ինտիգեյթ Մոբայլը» Նարեկի առաջին ու առայժմ միակ աշխատավայրն է։ Ասում է՝ տարբեր ուղղություններում փորձել է իրեն, հիմա կենտրոնացած է անդրոիդ սարքավորումների թեստավորման ավտոմատացման եւ վեբ կայքերի ավտոմատացման վրա։

photo © Մեդիամաքս


Նարեկն ասում է՝ հասարակության մեջ իրենց մասնագիտության հետ կապված միֆեր կան։ Ամենատարածվածը՝ ծրագրավորողները չշփվող, սահմանափակ հետաքրքրություններով ու երեւակայությամբ մարդիկ են։

«Քույրս մի այդպիսի հոդված էր կարդացել։ Որոշեցի ինքս հետազոտություն անել։ Այն հարցերը, որ այդ նյութում տվել էին ծրագրավորողներին, ես տվեցի իմ շրջապատի՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց։ Ծրագրավորողների արդյունքներն ավելի լավն էին, քան՝ այլ մասնագիտություններ ունեցող մարդկանցը»։

Նարեկն ուրախ է, որ հնարավորություն ունի սովորելու ու զբաղվելու իր սիրած աշխատանքով՝ չհեռանալով Վանաձորից։ Ասում է, որ մյուսներն էլ ունենան այդ հնարավորությունը, պետք է թեկուզ փոքր խմբերով գաղափարներ ու ծրագրեր մշակել քաղաքը զարգացնելու, կյանքի որակը լավացնելու համար։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վահե Հարությունյանի