15:59 | 28.04.23 | Նորություններ | 1972

Ապրիլի 29-ին կկայանա Դիջիկոդ 2023 մրցույթի եզրափակիչ փուլը

ԴիջիԿոդ 2023 կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի ապրիլի 29-ին։

ԴիջիԿոդի եզրափակիչ փուլին կմասնակցի 20-ից ավելի թիմ։ Նրանք ներկայացնելու են վիրտուալ, բնագիտական մոդելներից մինչեւ խեացի օրորոցի, տան անվտանգության համակարգեր։

Առաջին անգամ ԴիջիԿոդի ընթացքում կստորագրվի նաեւ հուշագիր՝ IoT համակարգերի իրական նախագծերում պատանի ծրագրավորողներին ներգրավելու համար։ Ինչպես նաեւ երկկողմ հուշագիր կստորագրվի ԱՏՁՄ-ի եւ Փինսայթս ընկերության միջեւ։

Հանրապետական մրցույթին զուգահեռ Ամերիկյան համալսարանում տեղի կունենա ալգորիթմական լուծումների Կրիայ եւ Փայթըն ծրագրերի օլիմպիադան։ Կմասնակցի մարզային փուլը հաղթահարած 30-ից ավելի պատանի։

«Այս տարվա մարզային փուլն անցկացվեց միաժամանակ 5 տարածաշրջանում։ 1000-ից ավելի հայտից ընտրվեց եւ մրցեց 400 պատանի։ Մենք կրկին համոզվում ենք, որ մրցույթները առանցքային դեր ունեն պատանիների համար, որ ձգտեն ստեղծել ավելին ու հասնել ավելիին»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Ի դեպ, մրցույթն արդեն 8-րդ անգամ է անցկացվում՝ սկսած 2015-ից։ Այս տարիներին մրցույթին մասնակցել են հազարավոր դպրոցականներ, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգեւատրումներ։ Մրցույթի մարզային եւ հանրապետական փուլերի գլխավոր հովանավորն է ԱրարատԲանկը:

«ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։