15:02 | 28.04.23 | Նորություններ | 7021

Վիվա-ՄՏՍ-ը Փոքր Վեդիում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր է իրականացրել

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր են իրականացրել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։

Գյուղում  արտաքին լուսավորության արդիականացված համակարգի համար տեղակայվել են 100 վատտ հզորությամբ  էներգախնայող ԼԵԴ լուսարձակներ։ Լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհ՝ գյուղի գլխավոր փողոցն ու  գյուղ մտնող հատվածը, ինչի նպատակով չորս հենասյան վրա տեղադրվել են լուսարձակներ:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Առհասարակ, բոլոր երկրներում զարգացման լոկոմոտիվը հիմնականում մայրաքաղաքն է: Մարզերի համաչափ զարգացումը կարեւոր եւ լուրջ մարտահրավեր է: Վիվա-ՄՏՍ-ի կառավարման մոդելում էական տեղ է հատկացվում պատասխանատու մոտեցմանը: Մեր ծրագրերի շնորհիվ Հայաստանում տարեցտարի ավելանում է էներգախնայող համակարգից օգտվող գյուղերի թիվը: Լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձեւի տարրական պայման է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ծախսարդյունավետ ենթակառուցվածքների գործարկման համար, համադրելով տեխնոլոգիական եւ բնապահպանական ոլորտների նորարարական մոտեցումները, Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն պարբերաբար խոշոր ծրագրեր են իրականացնում սահմանապահ, ինչպես նաեւ հեռավոր համայնքներում: Միայն 2022 թվականին Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ: