14:38 | 27.04.23 | Նորություններ | 2480

Կապի օպերատորները 18.8%-ով ավելի շատ հարկեր են վճարել

Հայաստանի կապի երեք օպերատորները՝ Յուքոմ-ը, Թիմ Տելեկոմ Արմենիան-ն և Վիվա-ՄՏՍ-ը 2023թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել 7.96 մլրդ դրամի հարկ, ինչը 18.8%-ով ավել  է նախորդ տարվա ցուցանիշից:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն, կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է:

Այն 2023թ. I եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 3.42 մլրդ դրամի հարկ, ինչը 41.5%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2023թ. առաջին եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 12-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Վիվա-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է՝ 2.99 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 1.9%-ով, այն ընդհանուր հարկատուների ցանկում 10-րդից տեղափոխվել է 14-րդ հորիզոնական:

Երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 1.55 մլրդ դրամ հարկ, ինչը 14.8%-ով ավել է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաև «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը      (166-րդ տեղ՝ 125-ի փոխարեն, 0.44 մլրդ դրամ, աճ՝ 1.5%):

Աննա Այվազյան