17:35 | 12.04.23 | Նորություններ | 2002

Գլենդելում մեկնարկել են Արմաթի դասընթացները

Գլենդելում տեղի է ունեցել առաջին «Արմաթ» կրթական կենտրոնի բացումը, մեկնարկել են դասընթացները: Աշխատանոցը գործում է Գլենդելի Academy USA կենտրոնում։

ԱՏՁՄ պատվիրակությունն «Արմաթ» ազգային կրթական ծրագրի ներկայացման արշավի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների եւ կազմակերպությունների հետ։ Ներկայացվել է կրթական ծրագիրը՝ որպես համահայկական կարեւոր նախագիծ եւ հարթակ։

«Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակությունը գլխավորել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Արմաթն այլեւս համահայկական, եւ նույնիսկ միջազգային կրթական ծրագիր է` աշխարհում լավագույններից: Մենք ներկա ենք Քուվեյթի, Փարիզի եւ Գլենդելի հայկական կենտրոններում, ինչպես նաեւ Վրաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում եւ Բանգլադեշում։ 622 կրթական կենտրոնը մեծ հաջողություն է, սակայն Հայաստանի երեխաների կեսից ավելին դեռեւս հնարավորություն չունի հաճախելու Արմաթ լաբորատորիաներ։ Մենք չենք կարող եւս 10 տարի սպասել մինչեւ լուծվի այս խնդիրը, քանի որ դա կարող ենք անել շատ ավելի արագ, եթե բոլորիս ջանքերը համատեղենք այս նպատակի շուրջ»,-նշել է Հայկ Չոբանյանը:

 «Արմաթ» ազգային կրթական ծրագիրն այս տարի նպատակ ունի եւս 50 նոր աշխատանոց բացել Հայաստանում: Առաջնահերթ են ՀՀ հարավային մարզերի դպրոցները: