12:02 | 12.04.23 | Նորություններ | 1697

Հայկական Safe YOU-ն ընդգրկվել է Cartier Women's Initiative մրցույթի թոփ եռյակում

Հայկական Safe YOU-ն Cartier Women's Initiative (CWI) տարածաշրջանային մրցույթում ընդգրկվել է Եվրոպայի լավագույն եռյակում։

«Մեծ պատիվ է ընտրվել որպես CWI-ի 33 նոր կրթաթոշակառուներից մեկը եւ միանալ մոտ 300 ազդեցիկ ձեռնարկատերերի համաշխարհային համայնքին, որոնք ամեն օր փոխում են աշխարհը:

CWI համայնքում Safe YOU-ի հզոր առաքելության եւ իմ հիանալի թիմի ներկայացումը կարեւոր հնարավորություն է աճի ու ազդեցության համար:

Safe YOU-ի նպատակն է գենդերային բռնության կտրուկ կրճատումն ամբողջ աշխարհում եւ գենդերային հավասարության զգալի առաջընթացը: Սա չի կարող տեղի ունենալ առանց միասնական եւ համակարգված մոտեցման, ինչպես նաեւ առանց ուժեղ կապերի, գործընկերության եւ աջակցության: Մենք վստահ ենք, որ CWI-ի աջակցությունն իր էական ազդեցությունը կունենա մեր նպատակներին հասնելու համար»,- գրել է Safe YOU-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը:

Safe YOU-ն թվային լուծում է, որը, տրամադրելով անվտանգության գործիքներ, հնարավորություն է տալիս կանանց եւ աղջիկներին պաշտպանվել բռնությունից, ինչպես նաեւ առաջարկում է գործիքներ բռնության ենթարկված անձանց համար։