12:34 | 05.04.23 | Նորություններ | 1740

PUBG Mobile-ի Հայաստանի գավաթը BX Brothers թիմինն է

Ավարտվել է PUBG Mobile-ի Հայաստանի գավաթի առաջնությունը. հաղթող թիմը կմասնակցի որակավորումների տարածաշրջանային փուլին։

PUBG Mobile գավաթ 2023-ն իրականացվել է Team Telecom Armenia-ի, Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիայի եւ ArLeAM ընկերությունների համագործակցությամբ։

Երկու օր տեւած որակավորման առցանց փուլին մասնակցել է 30 թիմ, որոնցից միայն 16-ին է հաջողվել հասնել եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել Team Telecom Armenia-ում՝ օֆլայն ձեւաչափով։ Մի քանի ժամ տեւած պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել BX Brothers-ը՝ ստանալով տարածաշրջանային, իսկ հաջողելու դեպքում՝ նաեւ Ռումինիայի Յաշի քաղաքում անցկացվելիք World Esports Championship 2023-ին մասնակցելու հնարավորություն:

«PUBG Mobile-ը Հայաստանում ամենամեծ տարածում եւ ճանաչում ունեցող խաղերից է: Մենք ցանկանում ենք օգնել հնարավորինս մեծ թվով հայ կիբերմարզիկների հանդես գալ ու կառուցել իրենց ապագան կիբերսպորտի համաշխարհային հարթակներում»,- ամփոփելով գարնանային մրցաշարի արդյունքները՝ նշել է Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Սիրադեղյանը։

Մրցույթի օրը որոշվել է նաեւ մրցաշարի լավագույն խաղացողը, որին Team Telecom Armenia-ն նվիրել է առցանց խաղերի չափանիշներին համապատասխան սմարթ հեռախոս, իսկ հաղթող թիմի բոլոր անդամներին՝ Cosmo փաթեթի մեկ տարվա անվճար բաժանորդագրություն։

«Առցանց խաղերը ինտերնետի համար ամենաբարդ քննությունն են, քանի որ դրա անգամ ամենաչնչին տատանումը կարող է ազդել խաղի արդյունքի վրա։ Որպես թիմային խաղերին աջակցող ու Հայաստանում 25 Գբ/վ թողունակությամբ ինտերնետ ցանց ունեցող միակ ընկերություն՝ մենք որոշեցինք PUBG Mobile-ի գավաթի եզրափակիչն անցկացնել մեզ մոտ՝ ապահովելով ինտերնետի հասանելիության հավասար հնարավորություն բոլոր թիմերի համար։ Կարծում եմ՝ այսպիսի մրցաշարերի անցկացումը կնպաստի հայկական թիմերի ուժեղացմանը եւ միջազգային խաղային հարթակներում առաջխաղացմանը»,- ասել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: