11:04 | 30.03.23 | Նորություններ | 1726
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը եւ ավելի քան հազար փորձագետներ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով դադարեցնել առաջադեմ արհեստական բանականության (ԱԲ) մշակումը:
Նամակի հեղինակներն արհեստական բանականության մշակողներին կոչ են արել անհապաղ առնվազն վեց ամսով դադարեցնել OpenAI ընկերության GPT-4-ից ավելի հզոր համակարգերի ուսուցումը։ Նամակը ստորագրած փորձագետները եւ ոլորտի ղեկավարները կարծում են, որ ուսուցումը պետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնվել անվտանգության ընդհանուր արձանագրությունները: Նրանց կարծիքով, եթե չստացվի արագ կանգնեցնել ուսուցումը, ապա իշխանությունները «պետք է միջամտեն եւ մորատորիում մտցնեն»։
Նամակի հեղինակները կարծում են, որ նույնիսկ «հզոր թվային ուղեղներ» ստեղծողները չեն կարող կառավարել դրանք, իսկ ժամանակակից արհեստական բանականության համակարգերը սկսում են մրցել մարդու հետ։
«Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք թույլ տալի՞ս ենք, որ մեքենաները ողողեն մեր տեղեկատվական կապուղիները քարոզչությամբ եւ կեղծիքներով: Արդյոք մենք պե՞տք է ավտոմատացնենք բոլոր աշխատանքները, ներառյալ այն աշխատանքները, որոնք բավարարվածություն են բերում: Արդյոք մենք պե՞տք է զարգացնենք ոչ մարդկային գիտակցությունը, որը կարող է ի վերջո գերազանցել մեզ թվաքանակով, խորամանկել եւ փոխարինել մեզ: Արդյոք մենք պե՞տք է ռիսկի գնանք եւ կորցնենք վերահսկողությունը մեր քաղաքակրթության նկատմամբ»,- ասված է նամակում։
Օրերս Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում արհեստական բանականությանը նվիրված նամակ էր հրապարակել։ Նա նշել էր, որ ԱԲ-ի համատարած ընդունումը «մի շարք բարդ հարցեր կբարձրացնի աշխատուժի, իրավական համակարգի, կողմնակալության եւ այլնի վերաբերյալ»:
Գործարարը նաեւ հավելել էր, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեծանում է հենց «արհեստական բանականությամբ զինված» մարդկանց կողմից սպառնալիքի ռիսկը։