14:57 | 24.03.23 | Նորություններ | 1958

Հայտնի են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոց․ նորարարությունների միջոցով» մրցույթի հաղթողները

Մարտի 23-ին ամփոփվել են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքները։

Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների եւ թվային տեխնոլոգիաների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Հաղթող թիմը Safe Childhood նախաձեռնությունն է՝ 1.000.000 դրամ մրցանակով։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման։

2-րդ տեղում Kanani Podcast նախագիծն է՝ 650.000 դրամ մրցանակով, որը պլանավորում է իրականացնել փոդքասթերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն եւ կսովորեն հակազդման ճիշտ ձեւերը, ինչը կնպաստի երեւույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձեւավորմանը:

300 000 դրամ մրցանակով 3-րդ տեղը զբաղեցրած Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավունքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:  

Մրցույթը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ԵԱՀԿ-ի կողմից: