14:32 | 24.03.23 | Նորություններ | 1608

Կոտայքում արմաթցիները կցուցադրեն իրենց աշխատանքները

Մարտի 26-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի մշակութային կենտրոնում տեղի կունենա «Արմաթ» մարզային ցուցահանդես։

Ցուցահանդեսին Կոտայքի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներկայացնեն իրենց նախագծերը, խելացի լուծումները, ռոբոտները, ավտոմատացման համակարգերը, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելները։

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվի նաեւ ռոբոտաշինության մրցույթ։ Կոտայքի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում պատրաստված ռոբոտները կփորձեն հաղթահարել իրենց առջեւ դրված խնդիրները։

Նշենք, որ այս պահին Կոտայքում գործում է 35 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց։ «Արմաթում» 10-18 տարեկան աշակերտները ստանում են անվճար ճարտարագիտական կրթություն եւ վաղ հասակից ինքնադրսեւորվում են ծրագրավորման, եռաչափ մոդելավորման եւ ռոբոտաշինության ոլորտներում։