10:01 | 17.03.23 | Նորություններ | 33179

«Ռոստելեկոմ»-ը որոշել է չվաճառել հայաստանյան ընկերությունը

«Ռոստելեկոմ»-ը որոշել է չվաճառել GNC-Alfa հայաստանյան դուստր ընկերությունը եւ ակտիվորեն կզբաղվի վերջինիս զարգացմամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեեւսկին ասել է.

«Վաճառքի խնդիրն անցած է, եւ մենք որոշել ենք ակտիվորեն զարգացնել ընկերությունը»։

Նա նշել է, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում գործարկել է Wink վիդեո ծառայությունը եւ կառուցում է տվյալների մշակման կենտրոն։ «Ընկերությունն անցյալ տարին ավարտեց շատ լավ արդյունքներով, մենք գոհ ենք»,- հավելել է Օսեեւսկին։

2022 թվականի հունվարին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական պատասխան էր տվել GNC-Alfa-ի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի դիմումին, որում նշվում էր, որ ՌԴ քաղաքացի Արման Հունանյանը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում են Կիպրոսում գրանցել Molitro Holdings Limited ընկերությունը, որը ձեռք կբերի միակ բաժնետեր Philor Ventures Limited-ի բաժնետոմսերի 100%-ը։

Molitro Holdings Limited-ի բաժնետոմսերի 40%-ը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի սեփականատերն է «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին։

2021 թվականի դեկտեմբերին «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեեւսկին ասել էր, որ ընկերությունը ցանկանում է հայկական ակտիվի դիմաց ստանալ 25 մլն դոլար։

2017 թվականից հայկական հեռահաղորդակցության օպերատոր Ucom-ի բաժնետոմսերի 10%-ը պատկանում է «Տաշիր» խմբի մաս կազմող «Ֆորա-բանկ»-ին։

2021 թվականի նոյեմբերին բարձր տեխնոլոգիաաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, որ այժմ զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը, ասել էր, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է «Ռոստելեկոմ Արմենիա»-ի եւ «Յուքոմ»-ի հնարավոր միաձուլմամբ։

«Ըստ տրամաբանության՝ եթե «Ռոստելեկոմը» գնվում է այդ ընկերության կողմից, չի բացառվում, որ դա հենց «Յուքոմի» հետ դառնա մեկ ընկերություն, ու համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն, որ միասնական հանդես գան։ Այսպիսի մտավախություն կա»,- ասել էր Վահագն Խաչատուրյանը։