12:49 | 15.03.23 | Նորություններ | 2067

OpenAI-ը ներկայացրել է GPT-4 AI մոդելը

OpenAI ընկերությունը ներկայացրել է GPT-4-ը՝ արհեստական բանականության (ԱԲ) նոր մոդելը, որը կարող է մեկնաբանել պատկերները եւ տեքստերը:

GPT-3.5 մոդելն աշխատում է միայն տեքստով, մինչդեռ GPT-4-ը կարող է «հասկանալ» եւ՛ տեքստը, եւ՛ պատկերները։ Ըստ մշակողների՝ մասնագիտական եւ ակադեմիական տարբեր թեստերում այն գերազանց արդյունքներ է ցուցաբերում. Uniform Bar Exam, LSAT, SAT Math եւ SAT Evidence Based Reading & Writing քննություններից GPT-4-ը հավաքել է 88% կամ ավելի միավոր: Քչերը կարող են նման արդյունք ունենալ։

ԱԲ այս մոդելն արդեն հասկանում է մեմերը։ Նրան կարող եք նաեւ հարցնել, թե ինչն է անսովոր լուսանկարում` ստանալով պարզ եւ հասկանալի բացատրություն:


GPT-4-ի ստեղծման համար մոտ 6 ամիս է պահանջվել։ OpenAI-ն օգտագործել է մրցակից թեստավորման ծրագրեր, ինչպես նաեւ օգտվել իր մյուս պրոդուկտի՝ ChatGPT-ից: Արդյունքում հաջողվել է ստանալ այնպիսի մոդել, որը չի պատասխանում արգելված բովանդակության հարցումների 82%-ին եւ 40%-ով ավելի ճիշտ պատասխաններ է գեներացնում։

Ըստ մշակողների՝ սովորական երկխոսության դեպքում GPT-3.5-ի եւ GPT-4-ի միջեւ տարբերությունը կարող է գրեթե աննկատ լինել: Բայց եթե երկու մոդելներին էլ տաք ավելի բարդ առաջադրանք, ապա GPT-4-ն ավելի հուսալի եւ ստեղծագործ կլինի. այն կկարողանա շատ ավելի բարդ ու ճշգրիտ հրահանգներ մշակել, քան GPT-3.5-ը:

GPT-4-ը դեռ հեռու է կատարյալ լինելուց եւ կարող է սխալվել: Երբեմն չատբոտը կարող է տրամաբանական պարզ սխալներ թույլ տալ իր դատողություններում: Այն կարող է նաեւ չափազանց դյուրահավատ լինել եւ օգտագործողի արած ակնհայտ կեղծ հայտարարությունները որպես ճշմարտություն ընդունել։

Բացի դրանից, ինչպես ChatGPT-ն, GPT-4-ը տեղյակ չէ 2021 թ․ սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այնուամենայնիվ, համեմատած GPT-3.5-ի հետ, նոր մոդելն ակնհայտ առավելություններ ունի։

Ըստ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի՝ GPT-4-ն ամենամեծ լեզվական մոդելը չի լինի: Ավելին, նրա կարծիքով, մարդկությունը դեռ հեռու է ԱԲ-ի մշակումից, որը կատարյալ կլինի։

GPT-4-ն արդեն հասանելի է OpenAI-ի օգտատերերին՝ ChatGPT Plus բաժանորդագրությամբ: Այլ օգտվողներ կարող են գրանցվել սպասման ցուցակում՝ API-ին հասանելիություն ստանալու համար: