18:31 | 10.03.23 | Նորություններ | 2027

Տեխնոհամայնքը ներկայանում է նորույթներով ԴիջիԹեք 2022-ում

Այսօր Երեւանում մեկնարկել է տեխնոլոգիական ԴիջիԹեք 2022 ցուցահանդեսը եւ նույնանուն համաժողովը։  

ԴիջիԹեք 2022 համաժողովի քննարկումների խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։  

Եռօրյա ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական եւ միջազգային ընկերություն, 2 000 գրանցված այցելու եւ 30 խոսնակ 9 երկրից։

«ԴիջիԹեքի» շրջանակում այս օրերին տեխնոհամայնքը ներկայանում է իր նորություններով, ցուցադրում կարողություններն ու հայտնում աշխարհին իր հավակնությունների մասին։ Համաժողովի խոսնակներն, իրենց հերթին, հնարավոր են դարձնում բարձրարժեք փորձի փոխանակումը։ Այդ ամենով հանդերձ, մեր առաջնահերթությունը կրթությունն է. տաղավարներով անցնելիս կնկատեք, որ ցուցահանդեսում հատուկ հատված է հատկացված կրթական նախագծերին, քանի որ դա է մեր համայնքի ու տնտեսության ապագայի երաշխիքը»,- ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ալեքսանդր Եսայանը Ալեքսանդր Եսայանը
photo © ԱՏՁՄ



Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են ԴիջիԹեք վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա առաջին անգամ եւ կընթանա մարտի 11-ին։

Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները հնարավորություն կունենան գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

«Փորձում ենք ավելի միջազգայնացնել այս համաժողովը։ Խոսնակների զգալի մասն առաջին անգամ է Հայաստանում եւ իրենք հիմա հանդիպում են տեղական ընկերությունների, ուսանողների, մեր գիտական ինստիտուտների հետ եւ ակնկալում ենք, որ այդ կապերը օրեցօր նոր նվաճումներ կբերեն»,- ասել է համաժողովի  նախագահ Րաֆֆի Քասարջյանը։

Համաժողովի ընթացքում ստորագրվել է նաեւ համագործակցության հուշագիր՝ ՀՀ Էկոնոմիկայի, ԿԳՄՍ-ի, ԲՏԱ-ի եւ SADA ընկերության միջեւ: Հուշագրով ՀՀ պետական մարմինները եւ Google Cloud-ի գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների եւ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Համաժողովի հիմնական ծրագրին զուհագեռ նաեւ նախատեսված են լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։ Դրանցից մեկը՝ Granatus Ventures-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը, տեղի կունենա մարտի 11-ին։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների եւ տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել՝ ինչպես կարող են տեխնոլոգիաները լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։

ԴիջիԹեք 2022-ի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, հովանավորները՝ Giz EU4Business-ը, Fastex-ը, Team Telecom Armenia-ն, AMD-ն, Sensyan-ը: