11:41 | 28.02.23 | Նորություններ | 10371

Մեկնարկել է Orion Summit 2023-ի մասնակիցների գրանցումը

Orion Summit 2023 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

Orion Worldwide Innovations-ը ներկայացրել է գագաթնաժողովի պաշտոնական կայքը, որտեղ պարբերաբար կհամալրվի միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությունը:

Արդեն բաց եւ կայքում հասանելի են Orion Summit 2023-ի գրանցումները՝ հայտը լրացնելու միջոցով:

«Քանի որ Նյու Յորքում մեծ միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում, մենք այս տարի ավելի վաղ ենք հայտարարում գրանցումների մասին, որպեսզի մասնակիցները նույնպես ժամանակ ունենան պատրաստվելու, մեր ընկերությունն էլ իր հերթին կարողանա օգնել հրավերների եւ մուտքի թույլտվության հարցում: Մինչեւ մարտի 15-ը գրանցվողների համար հայտարարված է Early Bird-վաղ շրջանի գրանցումը»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

Orion Summit 2023-ը կտեւի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը եւ այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների եւ ներդրումների մասին:

Նախորդ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ Orion Summit 2022-ը, տեղի է ունեցել Երեւանում հունիսի 22-ին։ Այս տարվա գագաթնաժողովը նախորդի նպատակների՝ ներդրումային բանկինգի, ստարտափ էկոհամակարգի զարգացման եւ «Թվային Ջուղա Ցանցի» իրագործման ճանապարհի շարունակությունն է: