17:56 | 27.02.23 | Նորություններ | 1754

Մեկնարկել է Թումոյի նոր նախագիծը` Թումո ակադեմիան

Փետրվարի 27-ին Թումո Երեւանում տրվել է Թումո ակադեմիա ծրագրի մեկնարկը։

Վեցամսյա կրթական ծրագրի նպատակն է 21 տարեկանը լրացած անձանց տրամադրել Թումոյում նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ կարիերա կառուցելու հնարավորություն։ Ծրագիրը ներկայացրել են Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը եւ Թումո ակադեմիա ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը։
Թումո ակադեմիան կտրամադրի ուսուցում Թումոյի նորարարական ոլորտներում եւ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։

Առանց նախնական մասնագիտական փորձի՝ մասնակիցները կապահովվեն կրթաթոշակով եւ կստանան ինտենսիվ կրթություն, իսկ բարեհաջող ավարտելով՝ կմիանան Թումոյի թիմին որպես դասընթացավարներ: Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ եւ Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում` Թումոյի ընդլայնմանը զուգահեռ կգործարկվի բոլոր մարզերում:

«Հայտարարում ենք մի նախագիծ, որի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով մեր աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ ենք դնում բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն։ Անկախ նրանից՝ պատանին Թումոյի քաղաքային կենտրոն է հաճախում, թե գյուղական համայնքի Թումո տուփ, նրա ստացած կրթության բովանդակությունն ու որակը պետք է նույնը լինի: Այդ նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է կառուցել հարյուրավոր մասնագետներից կազմված հզոր թիմ` մարզիչներ, դասընթացավարներ, կենտրոնների ղեկավարներ»,- նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Թումո ակադեմիան գործարկման առաջին փուլում կտրամադրի ուսուցում 8 ոլորտում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն եւ ստեղծագրություն։

Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտում` այժմ աշխատող եւ մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաեւ Թումո Երեւանի համար։

«Ակադեմիայի ուսանողների հետ է աշխատելու մեր դասընթացավարների փորձառու թիմը: Թիմում են ոլորտի լավագույն մասնագետներ` թե՛ Թումոյում դասավանդման տարիների փորձ ունեցող մեր գործընկերները, թե՛ մեզ նոր միացած էքսպերտներ: Մշակելով ծրագրի բովանդակությունը` նրանք կփոխանցեն Թումոյի կրթական մեթոդաբանության յուրահատկությունները Ակադեմիայի ուսանողներին»,- ասել է ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը:

Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 եւ ավելի տարեկան լինելն է։

Մինչ 2023-ի ապրիլի 1-ը լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում՝ առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի եւ առաջադրանքի փուլերը, դրանք հաղթահարելու դեպքում կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից։

Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից եւ կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։ Բոլոր մանրամասները՝ այստեղ։