18:02 | 24.02.23 | Նորություններ | 1672

Պոլիտեխնիկում բացվել է IELTS պաշտոնական քննական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը  երկրորդն է ՀՀ-ում Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։

Այն ներառում է երկու քննական սենյակ՝ 24 եւ 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։

«Այս քննական կենտրոնը Պոլիտեխնիկական համալսարանի համար նոր հնարավորություն է ստեղծելու մասնագիտական եւ ուսանողական համայնքի անգլերենի գիտելիքների լավացման եւ խորացման առումով։ Բոլոր այն դեպքերում, երբ լինում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն է ստեղծելու համալսարանում նոր արժեք գեներացնել թե՛ կրթական, թե՛ նոր ֆինանսական հոսքեր ապահովելու իմաստով, Team Telecom Armenia ընկերությունն աջակցում է բուհին»,- նշել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

IELTS թեստավորման համակարգը աշխարհում ամենատարածված անգլերենի թեստն է բարձրագույն կրթության եւ գլոբալ միգրացիայի համար։ Այն աշխարհում անգլերենի երկու հիմնական թեստերից մեկն է, մյուսը TOEFL-ն է: IELTS-ը գնահատում է անգլերենի բոլոր հմտությունները՝ կարդալ, գրել, լսել եւ խոսել։

Ըստ Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի՝ տեխնիկական կրթություն ստանալու եւ զարգացում ապահովելու համար անգլերեն իմանալը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։

«Այսօր Պոլիտեխնիկը պատրաստ է բարձր որակավորման քննություններ ընդունել՝ տալով նոր մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավորություն։ Մեզ համար առաջնահերթություն է կրթական ծրագրերին ու նախաձեռնություններին աջակցելը»,- ասել է Հայկ Եսայանը։  

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի խոսքով՝ հպարտ է բրիտանական կրթական համակարգով, որն աշխարհում լավագույններից է։

«Անգլերենը ընդունված լեզու է աշխարհում, նաեւ գիտության ոլորտում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների։ Կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք հայ ուսանողներին մուտք գործել բրիտանական կրթական համակարգ։ Սա լավ միջոց է աջակցել այն ուսանողներին, որոնք ուզում են զարգացնել լեզվական հմտությունները, օգտվել բրիտանական կրթական համակարգի առավելություններից»,-նշել է դեսպանը։

ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կընդունի IELTS թեստ հանձնողների ամբողջ աշխարհից արդեն մարտ ամսին։