19:00 | 18.02.23 | Հոդվածներ | exclusive 4456

«Be my Guest». DataArt-ը հյուրընկալել է ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների

Փետրվարի 16-ին «Be my Guest» ձեւաչափով DataArt ընկերությունն իր գրասենյակում հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների: ԱՏՁՄ-ին DataArt-ը միացել է վերջերս ու արդեն դարձել վարչության անդամ: Itel.am-ը ներկա է եղել միջոցառմանը, զրուցել հյուրընկալողների ու հյուրերի հետ:

«Կարող ենք օգտակար լինել մասնագիտական համայնքին»

«Be my Guest» միջոցառումը կազմակերպում է ԱՏՁՄ-ն, որպեսզի անդամ կազմակերպություններն առավել լավ ճանաչեն միմյանց, ձեւավորվի արդյունավետ գործող ցանց:

DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը կարեւորում է նման շփումներն.

«Այսօրվա միջոցառման ընթացքում հյուրերին կներկայացնենք մեր գործունեությունը, նրանք կշրջեն գրասենյակում, կծանոթանան աշխատանքային պայմաններին: Իհարկե, շատերն արդեն եղել են մեզ մոտ, շատերի հետ ընկերներ ենք, բայց սա եւս մեկ հնարավորություն է շփվելու, ինչը կարող է նպաստել փորձի փոխանակմանն ու նոր գործնական կապերի հաստատմանը»:

Արսեն Բաղդասարյանը Արսեն Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս


DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ԱՏՁՄ-ն այսօր ՏՏ ոլորտում ամենամեծ մասնագիտացված հարթակն է, իրենք էլ, լինելով ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը, որոշում են կայացրել միանալ դրան.

«Կարծում ենք՝ կարող ենք օգտակար լինել մասնագիտական համայնքին: Բացի այդ, շատ կարեւոր է, որ այսօր ԱՏՁՄ-ում անդամ կազմակերպությունների ձայնը լսելի է ու այսպիսով կարելի է լավ արդյունքների հասնել»:

photo © Մեդիամաքս


«Յուրաքանչյուր նոր անդամ նոր հնարավորություններ է բերում ԱՏՁՄ»

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն ասում է՝ մի կողմից ԱՏՁՄ-ն առանձին ինստիտուտ է, մյուս կողմից՝ անդամ ընկերություններն են առանձին-առանձին:

«ԱՏՁՄ ակտիվությունն ու մեր հաջողությունները հիմնված են անդամ կազմակերպությունների հաջողությունների վրա: Ըստ իրենց ենթաոլորտի, նախասիրությունների ու առանձնահատկությունների՝ ընկերությունները ներգրավվում են ԱՏՁՄ ռազմավարական տարբեր ուղղություններում խնդիրների լուծմանը», - ասում է Հայկ Չոբանյանը:

Հայկ Չոբանյանը Հայկ Չոբանյանը
photo © Մեդիամաքս


Միությունն այսօր 130 անդամ ունի ու, ըստ Չոբանյանի, շատ կարեւոր է, որ այս կազմակերպությունները ճանաչեն իրար, ձեւավորվեն նույնիսկ ընկերական կապեր:

«Այդ ծանոթությունների նպատակով էլ անցկացվում են նման միջոցառումները: Սա համագործակցելու հետաքրքիր ձեւաչափ է: Դրանից շահում են միությունը, ոլորտը, պետությունն ու կազմակերպությունները»:

Հայկ Չոբանյանը կարեւորում է, որ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ DataArt-ը, ոչ միայն միացել է ԱՏՁՄ-ին, այլեւ՝ դարձել վարչության անդամ.

«Յուրաքանչյուր ընկերություն իր հետ բերում է իր մշակույթն ու հնարավորությունները՝ ընդլայնելով մասնագիտական ցանցն ու նոր հնարավորություններ ընձեռելով միության անդամ մյուս կազմակերպություններին»:

photo © Մեդիամաքս


«Հաճելի է, որ Հայաստանում կան միջազգային ստանդարտի գրասենյակներ»

DataArt-ի հայաստանյան գրասենյակում շրջայցից հետո «Redbridge» խորհրդատվական եւ իրավաբանական ընկերությունից Արաքս Դավթյանը հիշում է՝ ինչպես էին դեռ 10 տարի Հայաստանից ՏՏ ոլորտի մասնագետները մեկնում Միացյալ Նահանգներ ու վերադառնալով պատմում, թե ինչ հրաշալի պայմաններում էին աշխատում:

Արաքս Դավթյանը Արաքս Դավթյանը
photo © Մեդիամաքս


«Հիացած պատմում էին՝ որքան հարմարավետ էին միջազգային ՏՏ ընկերությունների գրասենյակները, որքան մանրամասն էր ամեն բան մտածված: Հիմա, շրջելով DataArt-ի գրասենյակում, մտածում եմ՝ ինչքան հաճելի է, որ արդեն Հայաստանում էլ կան նման գրասենյակներ: Այստեղ աշխատակիցները ստիպված չեն 8 ժամ նստել նույն աթոռին, նայել սպիտակ պատերին՝ ղեկավարի խիստ հայացքի ներքո: Այսօր մարդն իր կյանքի հիմնական մասն աշխատավայրում է անցկացնում ու հաճելի միջավայրը միանշանակ նրան ավելի ստեղծարար է դարձնում»:

«Redbridge» ընկերության հաճախորդների թվում բազմաթիվ ՏՏ ընկերություններ կան ու նման հանդիպումները կարող են նաեւ գործնական նոր կապեր ստեղծել:

«Այսօր ՏՏ ոլորտում շատ են օրենսդրական փոփոխություններն ու այս առումով մեր ծառայություններն ավելի պահանջված են դառնում: Լինելով ԱՏՁՄ անդամ՝ ուրախ ենք, որ նման շփումների հնարավորություն կա, քանի որ հետագայում դրանք կարող են նոր համագործակցությունների վերածվել», - ասում է Արաքս Դավթյանը:

Orders.co ՏՏ ընկերությունից Անի Ամարյանը նշում է՝ ներկա հյուրերից մեկի հետ շփման արդյունքում արդեն հասցրել է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկայում անցկացվելիք Digitech-ի հետ կապված.

Անի Ամարյանը Անի Ամարյանը
photo © Մեդիամաքս


«Եթե ամեն ինչ ստացվի, կկարողանանք ասել, որ այսօր դրվեց համագործակցության սկիզբը: Առհասարակ, մեր ընկերությունը կարեւորում է նման հանդիպումները: Դրանք շուկայում գործող ՏՏ ընկերությունները ճանաչելու լավ հնարավորություն են տալիս եւ նպաստում, որ ձեւավորվի արդյունավետ գործող մասնագիտական ցանց»:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի