17:32 | 15.02.23 | Հոդվածներ | exclusive 4626

Հայկական Karapp-ը գրքերից «քամում» է «վիտամինները»

Karapp հավելվածը համաշխարհային ոչ գեղարվեստական բեսթսելերների հիմնական գաղափարներն ու վերլուծությունները մատուցում է 15 րոպեանոց աուդիոսեղմագրերի տեսքով: Այն մեծացնում է գիտելիքների պաշարը բիզնեսի, ինքնազարգացման, հոգեբանության, նորարարության եւ այլ ոլորտներում:

Հայկական հավելվածն արդեն ունի 16 հազարից ավելի ակտիվ օգտատեր, 20–ից ավելի բիզնես հաճախորդ եւ գրքի տոնին ընդառաջ հանդես է գալիս յուրահատուկ առաջարկով։

Karapp-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Շավարշ Կարապետյանը եւ կոմերցիոն տնօրեն Վահե Խաչատրյանն iTel.am-ին պատմել են հավելվածի ստեղծման, նոր հեռանկարների ու ինքնազարգացման մշակույթի տարածման մասին։

Karapp-ի գաղափարը, առաջին քայլերն ու առաքելությունը

Շավարշ. Երկար տարիների հրատարակչական փորձ ունեմ, մասնագիտությամբ հրատարակիչ եմ։ Մոտ տասը տարի եղել եմ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքենթինգի տնօրենը: Այդ ընթացքում նախաձեռնում էի հայերենով հրատարակել ինքնազարգացնող, ոչ գեղարվեստական գրքեր։ Լավ բովանդակությունն այնքան շատ է աշխարհում, որ մեկ ամբողջ կյանք հերիք չէ այդ ամենը հրատարակելու ու ընթերցելու համար։

Մտածեցի ինչ-որ տարբերակ մշակել այդ բովանդակությունը մեր հանրությանն ավելի մատչելի, սեղմ ու հեշտ մատուցելու համար։

Աշխատել եմ նաեւ ՏՏ ընկերությունում որպես Scrum master։ Այսպիսով, 2022-ի հունիսի 2-ին տեխնոլոգիայի եւ կրթության միավորումից ծնվեց մեր հավելվածը։

Շավարշ Կարապետյանը Շավարշ Կարապետյանը
photo © Մեդիամաքս


300-400 էջանոց գիրքը վերածում ենք 20 րոպեանոց թրեյնինգի։ Կարելի է ասել՝ նյութը «քամում» ենք, «վիտամինները» վերցնում ու տալիս մարդկանց։

Վահե. Առաքելություն ունենք Հայաստանում կրթության մակարդակը բարձրացնել եւ օգնել հանրությանը համաշխարհային միտումներին ու լավագույն նորույթներին արագ ծանոթանալ։ Այսօր շատ են նոր հրատարակվող գրքերը, ժամանակն էլ սահմանափակ է ու հավելվածի միջոցով կարելի է կողմնորոշվել, թե որ գիրքն արժե ամբողջությամբ կարդալ։ Բացի այդ, կարելի է արդեն իսկ կարդացած գրքերը վերհիշել։

Շավարշ. Ունենք պրոֆեսիոնալ թիմ, որն աշխատում է բովանդակության ստեղծման վրա: Բավականին ծավալուն աշխատանք է տարվում։ Կարդում են գիրքը, առանձնացնում կարեւոր հատվածներն ու սեղմագրում։ Պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Այնուհետեւ ձայնագրում ենք, մշակում ու բեռնում հավելվածում։

Գործառույթներն ու օգտատերերի վիճակագրությունը

Վահե. Ներկայում ունենք 30 հազար ներբեռնում, 16 հազար գրանցված օգտատեր, աշխատում ենք B2B եւ B2C սեգմենտներում։ Հավելվածը հասանելի է Android եւ iOS համակարգերի համար։ Ամեն օր թարմացնում ենք բովանդակությունը։ Գործում է տարեկան եւ ամսական բաժանորդագրության համակարգ։ iOS հավելվածի դեպքում կա նաեւ ներհավելվածային գնումների հնարավորություն։ Ծանոթանալու նպատակով հավելվածում անվճար գրքեր լսելու տարբերակ եւս կա։

Վահե Խաչատրյանը Վահե Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Շավարշ. Արդեն հասանելի է ավելի քան 200 սեղմագրված գիրք։ Ամբողջական գրքեր նույնպես կարող եք գտնել հավելվածում։ Կան նաեւ նյութեր, որոնք հենց Karapp-ի թիմն է գեներացնում, օրինակ, «Գործիքներ եւ հմտություններ» բաժնի նյութերը, որոնք սովորեցնում են շփման հմտություններ, ժամանակի կառավարում, ստեղծարարություն, նպատակադրում եւ այլն։

Բացի այդ, YouTube-յան հայտնի TED ելույթները նույնպես ադապտացնում ենք ու սեղմ աուդիոյի վերածում։ Մեր ստուդիայում ձայնագրում ենք նաեւ փոդքասթներ։ Տարբեր մասնագետներ կիսվում են իրենց փորձով։

Շավարշ Կարապետյանը եւ Վահե Խաչատրյանը Շավարշ Կարապետյանը եւ Վահե Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Վահե. Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մոտ 20 բիզնես հաճախորդ ունենք: Imex Group, Adobe, Picsart, DataArt, Ucom, Team Telecom եւ այլ ընկերություններ օգտվում են մեր հավելվածից։ Համագործակցում ենք նաեւ Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի հետ:

Թիմը

Շավարշ. Ներդրում փնտրելով եմ սկսել՝ հիմնվելով իմ փորձի վրա։ Ստանալով տարատեսակ մերժումներ՝ մտածեցի, որ ճիշտ կլինի թիմ հավաքել ու գտնել գաղափարակիցներ, որոնք կմիանան ու կաջակցեն։ Համահիմնադիրների խումբը կազմված է 10 հոգուց: Յուրաքանչյուրն իր գործով ներդրում է կատարել ու ունի իր դերը հավելվածի ստեղծման գործում։

Շավարշ Կարապետյանը Շավարշ Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Մեր թիմի անդամներից գրեթե բոլորն առնչություն ունեն գրքի ու ընթերցանության հետ։ Թիմում հիմա 17 հոգի ենք։ Մեզ համար կարեւոր է՝ մեր քարոզած արժեքների կրողը լինենք:

Վահե. Հետաքրքիր թիմբիլդինգի միջոց ունենք. Karapp-ից որեւէ նյութ ենք ընտրում ու միասին լսում, հետո հերթով 2 րոպեով կարծիք ենք հայտնում այդ թեմայի շուրջ: Անկեղծ զրույցի ընթացքում էմոցիոնալ առումով նույնպես աճում ենք ու ամենակարեւորը՝ թիմային հարաբերությունները սերտանում են: Սա կարող է վարակիչ լինել նաեւ մեր հաճախորդների համար:

Առաջիկա ծրագրերը

Վահե. Այս պահին բովանդակությունը հասանելի է միայն հայերենով։ Աշխատում ենք անգլերեն տարբերակի վրա, հույս ունենք՝ մեր 2-ամյակին արդեն այն կգործարկենք ու կմտնենք միջազգային շուկա: Ընդլայնվելու նպատակով նաեւ ներդրումային փուլ ենք մտնելու։

Շավարշ. Հիմա աշխատում ենք մեր աուդիո գրախանութի վրա, որը շուտով կգործարկվի. ներկայացված կլինեն հեղինակային իրավունքները պահպանված համաշխարհային բեսթսելերներ, հայտնի հեղինակների գրքեր, որոնք առաջինն ենք ներկայացնելու աուդիո ֆորմատով։ Այդ ժամանակ, իհարկե, կհամագործակցենք նաեւ հրատարակչությունների հետ։

Վահե Խաչատրյանը Վահե Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Վահե. Գրքի տոնին ընդառաջ բացառիկ առաջարկ ունենք մեր հաճախորդների համար. ընկերություններն իրենց աշխատակիցների համար կարող են 50 տոկոս զեղչով ձեռք բերել տարեկան բաժանորդագրություն: Նման հավելվածներից օգտվելն ու աշխատակիցներին հորդորելը, որ նույնպես օգտվեն, ընդունված պրակտիկա է ողջ աշխարհի կայացած ընկերություններում: Ուզում ենք այդ մշակույթը ձեւավորել նաեւ Հայաստանում:

Նունե Գրիգորյան