Սեբուհ Տեր-Կյուրեղյանը
17:14 | 13.02.23 | Հոդվածներ | exclusive 3206
Սեբուհ Տեր-Կյուրեղյանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, սովորել Բերքլիի, այնուհետեւ Կալիֆոռնիայի համալսարաններում, աշխատել Amazon Web Services-ի Արհեստական բանականության (AI) խմբում որպես պրոդուկտ մենեջեր:
Ընկերների հետ ստեղծել է LottoShield սեփական ստարտափը ու զարգացնում է այն ԱՄՆ շուկայում: LottoShield-ը վիճակախաղերի գույքագրումը հետեւելու եւ կառավարելու ավտոմատացված համակարգ է՝ նախատեսված առեւտրի կենտրոնների, խանութների համար, որոնք զբաղվում են վիճակախաղերի վաճառքով: Այն ավտոմատ համադրում է գույքագրման քանակը, վաճառքի տվյալները եւ պետական վիճակախաղի հաշիվ-ապրանքագրերը՝ ընդգծելով խնդիրները:
Սեբուհն iTel.am-ին պատմել է տեխնոլոգիաներով հետաքրքրվելու, մեծ ընկերությունում աշխատելու, ստարտափ գաղափարի իրականացման ու զարգացման ծրագրերի մասին:
ՏՏ-ն ու Amazon Web Services-ում աշխատանքը
Ծնվել ու մեծացել եմ Սան Ֆրանցիսկոյում: Հայրս Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիրներից է՝ Արմեն Տեր-Կյուրեղյանը: Դեռ փոքրուց Հայաստանի հետ կապը եղել է։ Լոս Անջելեսում սովորել եմ հայկական դպրոցում, հայկական միջավայրում եմ մեծացել։
Արդյունաբերական ճարտարագիտություն եւ գործառնական հետազոտություն մասնագիտացմամբ սովորել եմ Բերքլիի համալսարանում, ուսումնասիրում էի գործարանների արտադրական կառավարում։ Ուզում էի ֆինանսների ուղղությամբ գնալ, բայց չստացվեց, քանի որ համալսարանն ավարտելու տարիները՝ 2008-2009 թվականները, ճգնաժամային էին ԱՄՆ-ում, եւ ֆինանսական ոլորտում բարդ իրավիճակ էր ստեղծվել։ Տեխնոլոգիաներով միշտ եմ հետաքրքրվել, թեեւ մասնագիտությունս ուղիղ կապ չունի ՏՏ-ի հետ։
Առաջին ստարտափը, որին միացա, Հովհաննես Ավոյանի Monitis ընկերությունն էր, որտեղ հայկական թիմի հետ ԱՄՆ-ից էի աշխատում: Հետագայում այն վաճառվեց ու միացա մեկ այլ ստարտափի, որի հիմնադիրներն ուկրաինացիներ էին ու թիմն էլ Ուկրաինայում էր գտնվում: Նրանց հետ աշխատեցի 3 տարի, կարելի է ասել, չհաջողեցինք, սակայն շատ փորձ ձեռք բերեցի:
Այնուհետեւ UCLA Բիզնես դպրոցում MBA արեցի ու այն օգնեց, որ Սիեթլում Amazon Web Services-ի Արհեստական բանականության (AI) խմբում դառնամ պրոդուկտ մենեջեր: Աշխատում էի տվյալների միջոցով կանխատեսումների համար նախատեսված պրոդուկտի վրա: 100 մլն. դոլարի պայմանագրեր էինք կնքում, արդյունքում, մեծ վաճառքներ իրականացնելու փորձ ձեռք բերեցի: Հասկանում էի, սակայն, որ իմը սեփական ստարտափ ստեղծելն է:
LottoShield-ի գաղափարն ու առաջին քայլերը
Amazon-ից դուրս եկա եւ ընկերներով մի քանի ամիս 4-5 գաղափար փորձարկեցինք:
Նրանցից մեկի ընտանիքը խանութների ու գազալցակայանների ցանց ունի, պարբերաբար բախվում էին վիճակախաղերի վաճառքների խնդրին:
Ընկերոջս հետ մտածում էինք՝ ի՞նչ կարելի է անել դրանք լուծելու համար եւ մեզ մոտ գաղափար առաջացավ վաճառքն ավելի անվտանգ ու ապահով դարձնել:
Նրանք օրը 2-3 անգամ թուղթ ու գրիչով հաշվում էին վիճակախաղերի վաճառքների տվյալները, ինչը ժամանակատար էր եւ ոչ ապահով։ Մտածում էինք, թե ինչպես ավելի հեշտ հաշվել օրվա վաճառքների եւ մնացորդների տվյալները:
Քանի որ ընկերոջս ընտանիքը խանութների ցանց էր ղեկավարում, նա գրեթե բոլոր խնդիրների մանրամասները պատկերացնում էր, ինչը նույնպես օգնեց գաղափարի մշակմանը։ Այսպիսով, 2019-ին հիմնեցինք LottoShield ընկերությունը։
Սեբուհ Տեր-Կյուրեղյանը