14:43 | 16.02.23 | Նորություններ | 2012

ԴիջիԹեք 2022-ին կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը

Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը եւ նույնանուն համաժողովը։  

ԴիջիԹեք ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական եւ միջազգային, փորձառու եւ սկսնակ ընկերություն, սպասվում է 60 000-ից ավելի այցելու։ Ցուցահանդեսն այցելուների համար ավանդաբար անվճար է։ Այս տարի գործարկվելու է ոչ պարտադիր առցանց գրանցում։ Գրանցվողներին սպասում են անակնկալներ։

«Ցուցահանդեսն առանձնանալու է իր ծավալով՝ ընդգրկելով ամբողջ մարզահամերգային համալիրը։ Լինելու են հստակ գոտիներ՝ հովանավորների հատված, ցուցահանդեսի բուն տարածք, ստարտափներ, կրթական կազմակերպություններ եւ նախագծեր, կանաչ տեխնոլոգիաների գոտի։ Կլինեն նաեւ ժամանցի գոտիներ այցելուների եւ մասնակիցների համար, նեթվորքինգի ու աշխատանքի համար նախատեսված հատվածներ։ Սպասում ենք ծանրակշիռ միջազգային մասնակցություն։ ԴիջիԹեքին կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը։ Արվել է ամեն ինչ, որ այդ օրերին Մարզահամերգային համալիրը դառնա հայկական տեխնոհամայնքի հավաքատեղի», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

ԴիջիԹեք համաժողովը բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից եւ կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների եւ հետազոտողների, ինչպես նաեւ ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Խոսնակների թվում են Ռազմիկ Հովակիմյանը (Graph Ventures), Սուվի Լինդենը (Ֆինլանդիայի Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար), Նիր Չինսկին (Գուգլ քլաուդի տարածաշրջանային տնօրեն), Պիեր Հեննեսը (Granatus Ventures), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Անու Նուրման (Էստոնական հետազոտական խորհուրդ), Թոնի Սաֆոյանը (SADA Systems), Անդրեյ Զդրավկովիչը (AMD) եւ մի շարք այլ ոլորտային առաջատարներ։

«ԴիջիԹեք 2022» համաժողովի քննարկումների խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։  

Նշենք, որ համաժողովի տոմսերը կարող եք ձեռք բերել «ԴիջիԹեք 2022»-ի պաշտոնական կայքում։ Ուսանողների համար մուտքն անվճար է՝ մինչեւ փետրվարի 26-ը գրանցվելու դեպքում։ Օրակարգի եւ խոսնակների ցուցակի թարմացումներին կարող եք մշտապես ծանոթանալ պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջ-ում։

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հովանավորներ՝ Giz EU4Business, Fastex, Team Telecom Armenia, AMD, Sensyan: