17:06 | 31.01.23 | Նորություններ | 2022

Team-ը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր նախագիծ են ներկայացրել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել են միջազգային չափանիշներին համապատասխան հեռախոսազանգի (ringtone) հայկական մեղեդիների ձայնագրությունների թողարկման մասին։

Հայկական զանգերի ձայնագրությունն իրականացրել է ամերիկյան հեղինակավոր «Parma Recordings» ընկերությունը եւ թողարկվել է «Armsymphony Records» պիտակի ներքո։ Պրոֆեսիոնալ ձայնագրությունը կատարել է «Գրեմմի» մրցանակի առաջադրված հնչյունային ինժեներ Յան Կոշուլիչը։

photo © Team Telecom Armenia


Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ ձայնագրման համար ընտրվել են հատվածներ հայ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք ճանաչելի են հանրության լայն շրջանակին։ Նախագծի նպատակն է նշանավոր ստեղծագործությունների հատվածների միջոցով հայ դասական երաժշտության հանրահռչակումը միջազգային մասշտաբով։

photo © Team Telecom Armenia


Ձայնագրվել են Կոմիտասի «Կաքավիկ»-ը, հանտվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնը, հատվածներ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտից, Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնից, Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերներից, Ավետ Տերտերյանի Թիվ 3 սիմֆոնիայից, Ստեփան Շաքարյանի «Ծիծեռնակ»-ից, Տիգրան Մանսուրյանի մեղեդիները կինոֆիլմերից։

Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության զարգացման քարտեզն այժմ քննարկում են գործընկերների հետ։ Եվ շատ ուրախ է, որ իրենց ծրագրերը կյանքի կոչելու հարցում ի դեմս Team Telecom Armenia-ի ունեն գաղափարակիցներ, որոնց աջակցությամբ կատարվում են հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանն ուղղված նախագծեր։


Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծել է,, որ իրենց կազմակերպության համար շատ կարեւոր է սոցիալական պատասխանատվություն կրել ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում։ Ըստ Հայկ Եսայանի՝ այս նախագծում հետաքրքիր կերպով խաչվում են բարձր տեխնոլոգիաներն ու արվեստը, եւ տեխնոլոգիաների միջոցով հեշտությամբ կարելի է հայկական բովանդակությունը ներկայացնել աշխարհին։

photo © Team Telecom Armenia


Team Telecom Armenia-ի պատասխանատուներն ընդգծում են, որ պատրաստ են օգտագործել ամբողջ ռեսուրսները, որպեսզի հայկական բովանդակությունը հասանելի դառնա թվային հարթակներում եւ ընդհանուր ճանաչում ստանա համաշխարհային շուկայում։

Քննարկվում է նախագիծը շարունակելու եւ հայկական զանգերի շարքն ավելի հարստացնելու հարցը։

Ձայնագրված մեղեդիները կարող են օգտագործվել նաեւ սոցիալական ցանցերում որպես տեսանյութերի ֆոնային երաժշտություն։ Զանգերն առայժմ հասանելի են iTunes-ում, իսկ շուտով նաեւ՝ մյուս երաժշտական հավելվածներում։ Ներբեռնելու համար անհրաժեշտ է iTunes-ում փնտրել Armenian Ringtones: