17:01 | 30.01.23 | Նորություններ | 12452

Հայկական 8 ստարտափ ներկայացել է Traction ծրագրի Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միությունը եւ Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով:

Հայաստան ստարտափ ակադեմիան անցկացրել է «Դեմո օր»՝ ներկայացնելու իր «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտին:

14-շաբաթյա մենտորության ծրագիրը, որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել, մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին:

Ծրագրի ընթացքում 8 ստարտափ աշխատել է աճի հաքինգի, վաճառքի եւ ներդրումների ներգրավման ռազմավարությունների մշակման վրա: Նրանք առաջնորդություն եւ մենտորություն են ստացել փորձառու մասնագետներից, այդ թվում՝ «Azarian Growth Agency»-ի գործադիր տնօրեն՝ Համլետ Ազարյանից, ով հարուստ փորձ ունի խորհրդատվական բիզնեսների, մասնավորապես՝ վենչուրային հովանավորվող ստարտափների կողմից, եւ «Engage.guru»-ի հիմնադիր եւ էլեկտրոնային փոստի միջոցով մարքեթինգի եւ առաքման խորհրդատու՝ Ալեք Բեգլարյանից, ով թվային մարքեթինգի, բրենդինգի եւ հաճախորդային փորձի գծով փորձագետ է` ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով:

Ծրագրերի ընթացքում մենտորները սերտորեն համագործակցում էին ընկերությունների հետ՝ ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու, անհատական աճի շարժիչներ ստեղծելու եւ բիզնեսում հաջողության հասնելու համար:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը նույնպես մասնակցել է «Դեմո օր» միջոցառմանը։

«Դժվար է գերագնահատել այս նախագծի կարեւորությունը Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այժմ վենչուրային ձմեռ է, տնտեսությունը լճացել է համաշխարհային մակարդակով, եւ որ դրանց հաջորդում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կապիտալիզացիան։ 2022 թվականը շատերի համար դարձավ անսպասելի փոփոխությունների տարի, եւ օրեցօր ավելի ու ավելի շատ են հարցեր առաջանում․ ի՞նչ է լինելու ստարտափների եւ ներդրումների հետ, արժե՞ արդյոք հիմա տեխնոլոգիական բիզնես սկսել, ո՞ր ոլորտն ու շուկան ընտրել։

Կարեւոր է հասկանալ, որ ձեռներեցությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու տեսակի՝ դասական բիզնես, որտեղ քո հիմնական խնդիրն է կառուցել բիզնես, որը կստեղծի դրամական հոսքեր, շահաբաժիններ եւ կբերի շահույթ: Վենչուրային կապիտալի եւ ինովացիոն պատմության հետ կապված ընթացքը դիտարկելիս տեսնում ենք, որ սա պատմություն է կապիտալիզացիայի մասին, որտեղ հիմնական խնդիրն է կանխատեսել ստարտափի շուկայական արժեքը մի քանի տարի անց: Վենչուրային պատմությունն ընտրող ձեռնարկատիրոջ խնդիրը ոչ թե շահաբաժինների վրա կենտրոնանալն է, այլ հեռատեսությունն է՝ 5, 10, 15 կամ նույնիսկ ավելի շատ տարիներ առաջ նայելը: Պետք է ստեղծել մեծ պատմություններ եւ կենտրոնանալ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունների գնահատման եւ կապիտալացման կառուցման վրա, եւ, անպայման, կլինեն նրանք, որոնք պատրաստ կլինեն համագործակցել եւ օգնել այս ճանապարհին», - նշել է Արմեն Ավետիսյանը:

Կրթական տեխնոլոգիաների (Edtech), առողջապահական տեխնոլոգիաների (Healthtech), արհեստական բանականության (AI) եւ զվարճալիքային ոլորտները ներկայացնող ութ ստարտափ ընկերություն ծրագրի ընթացքում հասել է չափելի արդյունքների:

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ -ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։