12:28 | 24.01.23 | Նորություններ | 11911
Orion Worldwide Innovations-ի աջակցությամբ հայկական ստարտափներում 2020-2022 թվականներին ներդրումների ծավալը հասել է $48 միլիոնի: Անցած տարվա ներդրումները կազմել են $21 միլիոն:
Ներդրումներն ուղղվել են BAJ Accelerator ծրագիրն ավարտած ստարտափներին: Օրիոնի հանրային կապերի բաժնից հայտնել են, որ ծրագիրն անցել է ավելի քան 104 ստարտափ, որոնք գտնվում են նախնականից մինչեւ A+ փուլերում:
Մինչեւ ֆոնդհայթայթումը, ընկերությունները նախ անցնում են BAJ Accelerator 6-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը հիմնել են Օրիոնը, Բալթյան-ամերիկյան առեւտրային պալատը եւ Ջեյքոբս Թեքնիոն-Քորնել Ինստիտուտը:
Հիմնական ներդրումները ներգրավվել են վենչուրային, կորպորատիվ վենչուրային ֆոնդերից, հրեշտակ ներդրողներից ու ընտանեկան գրասենյակներից:
«Ներդրումներ ստացած ստարտափները գործում են ֆինտեխ, անվտանգության, առողջապահության, ռոբոտաշինության, ծրագրային ապահովման ոլորտներում: Այս տարի հունիսին Նյու Յորքում անցկացվելիք Orion Summit 2023-ը ստարտափների համար յուրահատուկ հնարավորություն է միջազգային փորձ եւ պոտենցիալ ներդրողների հետ նոր կապեր ձեռք բերելու համար»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, BAJ Accelerator ծրագրի համահիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:
BAJ Accelerator ծրագրի հաջորդ խմբի վերապատրաստումը կմեկնարկի մայիսի 14-19-ին: Հունիսի 19-22-ին տեղի կունենա Orion Summit 2023-ը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: