13:46 | 18.01.23 | Նորություններ | 1626
Հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի եւ մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները. «8 հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։
Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։
Մաեստրո Մանսուրյանն ընդգծել է, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իր տարեդարձի օրն առաջին անգամ հնչելու է երկու կարեւոր ստեղծագործություն, ինչն իր համար չափազանց հուզիչ է։
Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, կոմպոզիտորը գրել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, եւ առաջին անգամ հնչել է անցյալ տարի։ Հեղինակը նկատել է, որ հայրենների համար մեղեդի գրելն իր երազանքն է եղել։ «Երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի եւ դաշնամուրի համար։ Մշտական պահանջ ունեի կրկին անդրադառնալու հայրեններին։ Մլքեյանի հետ երկար տարիներ ենք համագործակցում, ինչը լավ հիմք հանդիսացավ շարունակելու այդ աշխատանքն արդեն նոր ստեղծագործություններով։ Արդյունքում ունենք «8 Հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների»,- ասել է Տիգրան Մանսուրյանը։
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշել է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն եւս մեկ անգամ կարեւորելու պոեզիան, երաժշտությունը՝ մաեստրո Մանսուրյանի կերպարով փորձելով ոգեշնչել հատկապես երիտասարդ կոմպոզիտորներին։
Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր հովանավոր Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ FastBank-ի հիմնադիրները մշտապես աջակցել են տարբեր մշակութային միջոցառումների, ինչը դարձել է իրենց ռազմավարության մաս։
Անդրադառնալով Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ասել է, որ ժյուրիի կազմը բավական բարդ խնդիր է դրել իր առջեւ։
Team Telecom Armenia-ի տնօրեն, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Եսայանն էլ իր հերթին ասել է, որ ընկերությունը շարունակում է աջակցել հայկական մշակույթի զարգացմանը եւ նոր տաղանդների բացահայտմանն ուղղված ծրագրերին․
«Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում Կոմիտասը կարողացավ երաժշտության միջոցով տարածել մեր մշակույթը՝ այն դարձնելով հայի ինքնության կարեւոր բաղադրիչներից մեկը։ Այժմ մենք պարզապես պարտավոր ենք նպաստել նրա գործի շարունակականությանը, այդ նպատակով էլ միացել ենք մրցույթի կազմակերպչական թիմին»:
Համերգը կազմակերպվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։ Նախագծի կազմակերպիչն է «Կողբ» հիմնադրամը, գլխավոր հովանավորն է Ֆասթ Բանկը, հովանավորներն են Team Telecom Armenia եւ Տրանսիմպեքս (FedEx) ընկերությունները։