13:04 | 18.01.23 | Նորություններ | 1835

Հայկական 5 ստարտափ պայքարում է Product Hunt-ի Golden Kitty մրցանակի համար

Հայկական Uteach, Wordbook, Bardeen, Softr եւ Anania ստարտափները Golden Kitty Awards 2022-ի հավակնորդների ցանկում են:

Կրթության անվանակարգում առաջադրված Uteach ստարտափն առցանց դասավանդումը դարձնում է ավելի ավտոմատացված ու հեշտ։ Այն բոլորը մեկում հարթակ է, որտեղ կարող եք ստեղծել ու վարել դասընթացներ։  

Նույն անվանակարգում մրցանակի համար պայքարում է նաեւ մեկ այլ հայկական պրոդուկտ՝ Wordbook-ը։

Wordbook-ը տրամադրում է բոլորը մեկում լուծում, որն օգնում է դիտել ուսուցողական տեսանյութեր YouTube-ում՝ առանց շեղումների։ Այն հնարավորություն է տալիս առանց հավելյալ պատուհաններ ու էջեր բացելու ստանալ անծանոթ բառերի ու տերմիների բացատրությունները։ Wordbook-ը BuildUp Bootcamp-ի շրջանավարտների նախագծերից մեկն է։

Uteach-ի եւ Wordbook-ի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Bardeen ստարտափը Software as a Solution (SaaS) անվանակարգում է, այն նաեւ պայքարում է «Տարվա պրոդուկտ» մրցանակի համար:

Այն բրաուզերներում աշխատող ծրագրային ապահովում է, որը թույլ է տալիս հաճախ օգտագործվող ծրագրերի մեջ (օրինակ՝ Zoom, Chrome, Opera) ավտոմատացումներ գործարկել: Ստարտափի օգտին քվեարկել հնարավոր է այստեղ։

Softr-ն առաջադրվել է No Code անվանակարգում։ Այն հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում եւ առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր եւ վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable պլատֆորմը: Softr-ի օգտին կարելի է քվեարկել այստեղ։

Anania-ն Golden Kitty-ի համար պայքարում է Տվյալների վերլուծության անվանակարգում։ Anania-ն ռոբոտ տվյալների վերլուծաբան է: Կարող եք հարցեր տալ ձեր տվյալների վերաբերյալ պարզ անգլերենով եւ անմիջապես ստանալ պատասխաններ: Anania-ի Generative AI համակարգը հարցերը վերածում է SQL հարցումների ու Python կոդի եւ պատասխաններ տրամադրում աղյուսակների, գծապատկերների կամ տեքստային տարբերակով: Քվեարկել՝ այստեղ։

Քվեարկության վերջնաժամկետը հունվարի 20-ն է: Հաղթողները կհայտարարվեն հունվարի 24-ին: