12:26 | 17.01.23 | Նորություններ | 1961

Կայացել է ՏՀՏ առաջնորդների տարվա առաջին հանդիպում-ֆորումը

Հունվարի 13-ին կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարվա առաջին միջոցառումը՝ ՏՀՏ առաջնորդների հանդիպում-ֆորումը։

«Խթանել երկխոսությունը» խորագրի ներքո պետական կառույցների, մասնավոր սեկտորի եւ մասնագիտական համայնքի ներկայացուցիչները քննարկել են մի շարք ոլորտային հիմնահարցեր։

Առաջին նիստում ներկայացվել են բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ներկա եւ նախատեսվող պետական ծրագրերը։ Խոսնակներն էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի ղեկավար Գայանե Դալլաքյանը, «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի քաղաքականության բաղադրիչի ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցության եւ հետագա խնամքի սպասարկման բաժնի ղեկավար Գոհար Գալյանը, նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը։

Երկրորդ նիստում քննարկվել են պետական գնումների համակարգում առկա խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Քննարկումն անցկացրել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Volo ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը եւ Codulate ընկերության ներկայացուցիչ Վահե Տոռոզյանը։

Երրորդ նիստում ներկայացվել են տեխնոլոգիական ապրանքների ներմուծման մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները եւ պատրաստվել դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Խոսնակներն էին Strategic Value Ventures ընկերության ներկայացուցիչ Կարեն Գյուլբուդաղյանը եւ Service Titan ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը։

Չորրորդ նիստում ներկայացվել եւ քննարկվել են պետական ծառայությունների թվայնացման 2023թ. ծրագրերը։ Խոսնակներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Ներսես Երիցյանը եւ CyberHUB համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը։

Հնչած առաջարկներն ու լուծման տարբերակները կմշակվեն ԱՏՁՄ կողմից եւ կընդգրկվեն միության գալիք տարվա ծրագրերում։

Այս ձեւաչափով հանդիպումներ ԱՏՁՄ-ն իրականացնում է տարեկան 2 անգամ՝ սկսած 2007 թվականից: Հանդիպում-ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ:

Ֆորումը կազմակերպվել էր «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։