17:55 | 16.01.23 | Հոդվածներ | exclusive 2409

Prelaunch.com հարթակ. Co-creation-ի գաղափարը նոր մշակույթի հիմքում

Հայկական Prelaunch.com հարթակն օգնում է կանխատեսել պրոդուկտի գործարկման հաջողությունը դեռեւս գաղափարի ու նախագծման փուլում։ Այն գործարկվել է վերջերս, բայց արդեն հասցրել է մեծաթիվ գրանցումներ ու այցելություններ ունենալ։ Նաեւ ներգրավել է 1,5 մլն դոլար հայկական ներդրումային ֆոնդերից:

The Crowdfunding Formula-ի եւ Prelaunch.com-ի համահիմնադիր Նարեկ Վարդանյանի հետ Itel.am-ը զրուցել է Prelaunch.com-ի ստեղծման անհրաժեշտության, առանձնահատկությունների, ձեւավորվող մշակույթի, թիմի ու ներդրումների մասին։  

Գաղափարը

The Crowdfunding Formula-ն բավականին հայտնի կազմակերպություն է դարձել ու շատ առաջարկներ ենք ստանում տարբեր ընկերություններից իրենց նախագծերի հետ աշխատելու վերաբերյալ։ Բայց մեր ռեսուրսները քիչ են ու կարող ենք կենտրոնանանք մի քանի նախագծի վրա, ուստի ուզում ենք ընտրել այնպիսիք, որոնք ամենամեծ ներուժն ունեն։

Սկզբում փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք գտնել լավագույն նախագծերը: Հատուկ բաժիններ էինք բացում, բայց դրանք արդյունավետ չէին։ Մտածում էինք, որ, երեւի, մեր փորձի պակասից է ու եթե ավելի շատ փորձառություն հավաքենք, կկարողանանք հստակ հասկանալ, թե որ պրոդուկտն ավելի մեծ ներուժ ունի:

photo © Մեդիամաքս


Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ անհնար է գուշակել ու հարկավոր է որոշակի գործիքներ մշակել։ Սկսեցինք փորձարկումներ անել, որոնց արդյունքում հասկացանք, որ լավագույն հիմնավորումը ու իրական ապացույցն այն է, երբ մարդիկ պատրաստ են գումար վճարել պրոդուկտի համար։

Այդ մոդելի հիման վրա ամեն ինչ կառուցվեց ու ստեղծվեց ամրագրելու գաղափարը. եթե հետաքրքիր նախագիծ կա ու այն դեռ գաղափարի փուլում է, հնարավոր է սիմվոլիկ գումարով ամրագրել, գնել այն։ Արտադրող կողմի համար դա լավագույն ազդակն է, որ հետաքրքրված մարդիկ կան։

Տարբերությունը քրաուդֆանդինգային հարթակներից

Քրաուդֆանդինգը նույնպես լավ գործիք է, բայց այն սահմանափակումներ ունի։ Այդ հարթակներում փորձարկումներ կատարել չես կարող, երկար ժամանակ թեստավորել չես կարող եւ ամենակարեւորը՝ վերջում չես կարող չարտադրել։ Նույնիսկ եթե պարզեցիր, որ պետք չէ արտադրություն սկսել, միեւնույն է, պետք է արտադրել ու ուղարկել պատվերներն այն մարդկանց, ովքեր գումար են տրամադրել։ Դա պարտավորություն է։

Նարեկ Վարդանյանը Նարեկ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Մինչեւ քրաուդֆանդիգին հասնելը՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք իմաստ ունի ժամանակ ու ռեսուրսներ ծախսել այդ պրոդուկտի վրա։ Այդ հարցին պատասխանելու համար ստեղծել ենք Prelaunch.com-ը։

Ինչպե՞ս է աշխատում

Կայքում գրանցվելիս գործում է արհեստական բանականության համակարգը, որը շատ արագ պատրաստում է երկու էջանոց կայք։ Պետք է 5-6 հարցի պատասխանել եւ էջը գեներացվում է համապատասխան դիզայնով ու բովանդակությամբ։

photo © Մեդիամաքս


Առաջին էջում ներկայացվում է պրոդուկտի մասին տեղեկատվություն՝ նկարագիրը, կոնցեպտը, լուծող խնդիրներն ու էլ. հասցեն թողնելու հատված: Հետո օգտատերերը հայտնվում են երկրորդ էջում, որտեղ ավելի մանրամասն ներկայացված է պրոդուկտը, գինը ու տրվում է սիմվոլիկ գումար փոխանցելու հնարավորություն։

Նախագծերը

Թեեւ հարթակը վերջերս է բացվել, 1000-ից ավել գրանցումներ ունենք։ Ֆիլտրացիայի հետո 200-ից ավելի նախագծեր արդեն ներկայացված են Prelaunch.com-ում։

Ամսական 100 հազար մարդ է այցելում կայք՝ տեսնելու ինչ նորույթներ ու հետաքրքիր գաղափարներ կան ներկայացված։

photo © Մեդիամաքս


Փորձում ենք ներդնել համատեղ ստեղծարարության (co-creation) գաղափարը, երբ արտադրողին ու գնորդին շատ վաղ փուլում կապում ենք միմյանց։

Հիմա մի մոտոցիկլ ունենք ներկայացված, այն նախագծել է Harley-Davidson-ի նախկին գլխավոր ինժեներ Էրիկ Բյուելը։ Նա կենդանի լեգենդ է եւ շատ հայտնի է աշխարհում։ Էրիկ Բյուելի հետ նախկինում աշխատել էինք TCF-ով ու իրեն առաջարկեցինք մեր կայքով ստուգել այդ սուպերմոտոյի գաղափարը։ 150-ից ավել միջազգային լրատվամիջոցներ գրել են այդ մասին։ Պրոդուկտի գինը 12 հազար դոլար է, նախնական ամրագրման չափը սահմանել ենք 200 դոլար եւ տեսնում ենք ակտիվություն մարդկանց կողմից։

Ներդրումներն ու աքսելերացիոն ծրագրերը

Ներգրավել ենք գրեթե 1,5 մլն դոլար՝ BigStory VC-ից, Formula VC-ից, Granatus Ventures-ից, BANA հրեշտակ ներդրողների ցանցից ու անհատ ներդրողներից։

Կարծում եմ, Հայաստանի պատմության մեջ առաջին նախադեպն է, որ նման մեծ գումար հնարավոր է եղել ստանալ գրեթե միայն հայկական աղբյուրներից։

photo © Մեդիամաքս


Անցել ենք SAP Startup Factory-ի աքսելերացիոն ծրագիրը, նաեւ վերջերս ընդունվել ենք միջազգային ամենախոշոր աքսելերատորներից մեկը՝ Alchemist Accelerator-ը։ Այն նախատեսված է ստարատափների համար, որոնք պատրաստվում են մեծ ընկերությունների հետ աշխատել։

Թիմն ու տեսլականը

Մոտ 25 հոգի ենք։ Մի մասը TCF-ից են տեղափոխվել, մյուս մասին նոր ենք աշխատանքի վերցրել։ Սկսել ենք նաեւ ԱՄՆ-ից ու Չինաստանից թիմակիցներ ներգրավել ու մտադիր ենք այդ երկրներում գրասենյակներ բացել:

photo © Մեդիամաքս


Մենք ոչ միայն հարթակ ենք մշակում, այլ նոր գաղափարախոսության եւ մշակույթի հիմք ենք դնում, որը ենթադրում է e-commerce ոլորտի փոփոխություն։

Նունե Գրիգորյան