16:09 | 28.12.22 | Նորություններ | 12340

Դիջիթեյնի M1TQ ինկուբացիոն ծրագրի հաղթող ArmBionics-ը դրամահավաք է անում

Դիջիթեյնի M1TQ ինկուբացիոն ծրագրի առաջին շրջափուլի հաղթող ArmBionics-ը կազմակերպել է դրամահավաք, որպեսզի կարողանա հասնել հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը վերականգնելու եւ նրանց կյանքի որակը բարձրացնելու իր առաքելությանը:

Արշավի նպատակներից մեկն է Հայաստանում խթանել բարձր տեխնոլոգիական արտադրությունը, որը ոչ միայն մրցունակ կլինի համաշխարհային շուկայում, այլեւ կբավարարի տարածաշրջանի պահանջարկը։

Պրոթեզավորման եւ տեխնոլոգիաների ոլորտում առաջադեմ հետազոտությունների միջոցով ArmBionics-ը մշակում է ամբողջական վերականգնողական լուծումներ վերին վերջույթների հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց համար:


Պրոթեզները կրում են «Արտադրված է Հայաստանում» պիտակը։ Սա այն դեպքերից է, երբ հայկական արտադրանքը գերազանցում է համաշխարհային մրցակիցներին իր թեթեւությամբ, դիմացկունությամբ ու ֆունկցիոնալությամբ եւ վստահելի այլընտրանք է ստեղծում հաշմանդամների համար։

Հայաստանում այսօր ապրում է վերին վերջույթների անդամահատում ունեցող ավելի քան չորս հարյուր մարդ։ Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու ինժեներական լուծումները՝ ստարտափը նրանց հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորություն կտա:

ArmBionics-ի շնորհիվ անդամահատված անձինք ոչ միայն կկարողանան վերադառնալ կյանքի նախկին ռիթմին, այլեւ հնարավորություն կունենան զբաղվել սպորտով, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել եւ այլն:


Մանրամասների համար կարելի է անցնել հղումով եւ նվիրատվություն կատարել:

Դիջիթեյնը իր DigiTown նախագծի շրջանակներում մեկնարկած M1TQ ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանում ստարտափ էկոհամակարգը եւ հնարավորություն տալ տաղանդներին հիմնել իրենց սեփական տեխնոլոգիական ընկերությունները: M1TQ-ի առաջին շրջափուլը իրականացվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ 2021 թվականին. ծրագիրը հնարավորություն տվեց 8 ստարտափների անցնել 12-շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը, որը ներառում էր ինտենսիվ քոուչինգ եւ մենտորություն։ Դեմո օրվա արդյունքում ArmBionics-ը գրավեց առաջին հորիզոնականը եւ Digitain-ի կողմից ստացավ դրամաշնորհ։