18:12 | 27.12.22 | Նորություններ | 4168
Հեռահաղորդակցության եւ հարակից ոլորտների 35 ընկերություն միավորող «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն ներկայացրել է անցնող տարում արձանագրած արդյունքները եւ 2023-ի ծրագրերը։
Միության տարածած հաղորդագրությունում նշված է՝ նպատակներից է նպաստել ՏՀՏ ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, համագործակցել ներպետական եւ միջազգային կառույցների հետ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերում, ներկայացնել իր անդամների շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ միջազգային կառույցներում, աջակցել հեռահաղորդակցության ոլորտների մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը։
«Մենք հետեւողական ենք եղել նախորդ տարի ամփոփիչ հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններին եւ այս տարի հաջողությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր: Ավելի նշանակալի արդյունքների համար, իհարկե, կարեւոր է համագործակցությունը, որի հաջողված փորձն արդեն ունենք»,- նշել է ՀՕՄ վարչության նախագահ Արմեն Մուրադյանը։
Հանդիպմանը ներկա բարձր տեխնոլագիաների եւ արդյունաբերության նախարարի տեղակալներ Դավիթ Սահակյանը եւ Ավետ Պողոսյանը նշել են երկրի զարգացմանն ուղղված ոլորտային ծրագրերում պետական, մասնավոր, հասարակական կառույցների համագործակցության կարեւորությունը եւ այդ համատեքստում՝ ՀՕՄ նախագծերի արդյունավետությունը։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, կարեւորելով Միության դերը, անդրադարձել է ՀՕՄ-ի եւ ՀՌՀ-ի համագործակցությանը՝ ոլորտային խնդիրները բացահայտելու եւ լուծումներ մշակելու տեսանկյունից։
«Աշխատում ենք ուշադրության կենտրոնում պահել ոլորտի բոլոր խնդիրները, նպաստել դրանց լուծմանը, ինչպես նաեւ կարեւորում ենք լայնաշերտ ինտերնետ հասանելիության ապահովումը հատկապես դժվարհասանելի եւ հեռավոր համայնքներում։ Երկրի հավասարաչափ զարգացման կարեւորությունն է հիմքում»-, ընդգծել է ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Նշվում է, որ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 230 տնտեսություն ունեցող Շաղափում արդեն կա լայնաշերտ ինտերնետ:
Որպես ծրագրի հարակից արդյունք՝ գյուղի դպրոցում բացվել է ռոբոտաշինության խմբակ՝ «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ եւ անցկացվել թվային գրագիտության ու երեխաների առցանց անվտանգության դասընթաց՝ ՀՕՄ-ի նախաձեռնությամբ։ Ծրագիրը կլինի շարունակական եւ կներառի այլ հեռավոր դժվարհասանելի համայնքներ եւս:
«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն, ունենալով ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությունը, «Համայնքային ցանցեր» ծրագիրն իրագործել է իր իսկ հիմնած համանուն հիմնադրամի միջոցով եւ ISOC Global-ի ֆինանսավորմամբ։
Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ իրականացվող «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագրի շրջանակում «Հայաստանի օպերատորների միությունը» մշակել է «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» դասընթացը, դպրոցներում անցկացվել են առցանց անվտանգության վերաբերյալ հանդիպումներ, ինչպես նաեւ թարգմանել եւ տեղայնացրել է ՀՄՄ-ի ստեղծած երեխաների առցանց պաշտպանության երեք ուղեցույց։ Դասընթացը բաց է եւ անվճար՝ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար։
Դպրոցներում այս տարվա ընթացքում անցկացվել են «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով դասընթացներ եւ հանդիպումներ, որոնց մասնակցել է 1400 աշակերտ եւ 68 ուսուցիչ:
Երեխաների առցանց անվտանգության ծրագիրը կլինի շարունակական եւ 2023-ին կիրականացվի ծրագրի երկրորդ փուլը:
Հայաստանի օպերատորների միության հաջողված կրթական նախաձեռնություններից է նաեւ ՀՊՏՀ-ում 2020-ին բացված «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը: Նպատակը ոլորտի արդի պահանջներին համապատասխան մասնագետներ ձեւավորելը եւ մասնագիտական համայնքը համալրելն է։ Մագիստրոսական ծրագիրը բացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արփինետ ընկերության, Օպերատորների միության համագործակցության արդյունքում:
Կազմակերպությունն ակտիվ է եղել նաեւ միջազգային ասպարեզում՝ Հայաստանը ներկայացնելով հեռահաղորդակցության ոլորտի մի շարք հեղինակավոր միջոցառումներում: