10:56 | 22.12.22 | Նորություններ | 3227
Հայ-Ռուսական համալսարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի ուսանողները ներգրավելու են Թումո լաբերի ինքնուսուցման անվճար ծրագրում:
Ըստ հուշագրի՝ կողմերը փոխադարձ ճանաչելու են կրեդիտները եւ մասնագիտական, եւ ոչ մասնագիտական առարկաների համար։
Թումո լաբերի կրթական ծրագիրը կազմված է ուղղորդված ինքնուսուցման եւ գործնական նախագծերի բաղադրիչներից` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել գիտելիքներ տեխնոլոգիաների, կիրառական գիտության եւ ինժեներության ոլորտներում, այնուհետեւ ամբողջացնել դրանք գործնական հմտություններով։ Վարժանքների ամեն մի մակարդակի վերջում ինքնուսուցման մասնակիցներն իրականացնելու են մինի-նախագծեր, որոնք օգնելու են հասկանալ, թե որքանով են յուրացրել այդ մակարդակի թեմաները։
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ասել է, որ կարեւորում են ԹՈՒՄՈ-ն՝ հայկական կրթական բրենդն աշխարհում առաջ տանելու համար:
«Բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը, ջանքեր չենք խնայելու մեր համագործակցությունն ավելի զարգացնելու եւ ընդլայնելու համար»,- նշել է Արմեն Դարբինյանը։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ասել է, որ Թումոն սկսել են կարեւորել ակադեմիական միջավայրում, «այն կարեւոր է դառնում բուհերի համար, եւ սա առանցքային է մեզ համար»։
Նշվում է, որ ծրագրի վարժանքները եւ մինի-նախագծերը հաջողությամբ կատարելուց հետո ուսանողները հնարավորություն են ստանալու մասնակցել ՏՏ ընկերությունների հետ Թումո լաբերի գործնական նախագծերին: