17:37 | 09.12.22 | Նորություններ | 2292
Դեկտեմբերի 8-ին Formula Hub կենտրոնում տեղի է ունեցել «Ինչպես ստեղծել, հավաքագրել եւ ընդլայնել արագ աճող թիմը» (“How to Set Up, Hire and Scale a Growth Strategy Team”) խորագիրը կրող #TalkAround քննարկումը։
Քննարկման խոսնակներ Հարություն Բաղդասարյանը (QLess), Սոնա Դավթյանը (Krisp), Մարգարիտա Հովհաննիսյանը (EasyDMARC) եւ Մարիամ Համբարձումյանը (TCF, 2MindS) խոսել են թիմեր հավաքագրելու եւ ընդլայնելու մարտահրավերների մասին՝ բերելով օրինակներ սեփական փորձից:
«Նախեւառաջ կարեւոր է սերմանել այն արժեքները, որոնք կնպաստեն առողջ միջավայր ստեղծելուն եւ վստահության ամրապնդմանը։ Նաեւ կարեւոր է կիսել տեսլականը՝ որտեղ ենք մենք եւ ուր ենք գնում»,- նշել է Հարություն Բաղդասարյանը։
Մարիամ Համբարձումյանի խոսքով՝ թիմերի ղեկավարները պետք է սեփական օրինակով մոտիվացնեն աշխատակիցներին՝ գործառնական քայլերից մինչեւ պրոդուկտին առնչվող հարցեր։
«Ինժեներներ հավաքագրելը բարդ գործընթաց է, բայց էլ ավելի կարեւոր է, որպեսզի թիմին միացող ինժեներները պատրաստ լինեն նոր բան սովորել»․- ասել է Մարգարիտա Հովհաննիսյանը։
Սոնա Դավթյանը կարեւորել է T-shaped մասնագետների հավաքագրումը, որոնք կունենան խորը գիտելիքներ եւ հմտություններ մասնագիտացման տարբեր ուղղություններով եւ աշխատանքի տարբեր կտորների միջեւ կապեր հաստատելու ցանկություն ու կարողություններ:
Սա Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) թվով 4-րդ #TalkAround ձեւաչափով միջոցառումն էր, որի նպատակն է վերհանել եւ քննարկել տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։