17:01 | 01.12.22 | Նորություններ | 2084

Krisp-ի համահիմնադիրը արձագանքել է ՏՏ ոլորտի աջակցության նախագծի ընդունմանը

Krisp-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը արձագանքել է կառավարության կողմից ՏՏ ոլորտի աջակցության նախագծի ընդունմանը՝ նշելով, որ այն մասնավոր-կառավարություն համագործակցության լավ օրինակ է։

«ՀՀ կառավարությունն ընդունեց ՏՏ ոլորտի աջակցության նախագիծը, որով մոտ 4 ամսվա եկամտահարկի չափով օգնություն է տրվելու ՏՏ ընկերություններին։

Այս կոմպրոմիսային տարբերակը կարճաժամկետ պլանում լուծում է ճգնաժամը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին, Մհեր Գրիգորյանին, Վահան Քերոբյանին և կառավարության մյուս անդամներին՝ գործակցության և հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար»,- ասել է նա:

Որոշման նախագծի համաձայն շուրջ 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաեւ արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։