17:39 | 24.11.22 | Նորություններ | 13679

Հայտնի են Seaside Startup Summit-ի` Հնդկաստանում SSSholidays-ի անցկացման օրերը

Փետրվարի 12-18-ը Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում անցկացվելու է SSSholidays India Vizag միջոցառումը։

Այս անգամ Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ միասին միջոցառման համակազմակերպիչն է Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը։

Միջոցառմանը մասնակցելու են շուրջ 400 ձեռներեց եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից եւ Հնդկաստանից, այլեւ աշխարհի տարբեր երկրներից։

SSSholidays India Vizag միջոցառմանը մասնակցելու հնարավորություն կունենան ոչ միայն ստարտափ ընկերությունները, այլեւ ոլորտով հետաքրքրված անհատներ եւ այլ կազմակերպություններ։

Ստարտափների համար ոլորտային հստակ սահմանափակումներ չկան, սակայն համակազմակերպիչներն ավելի շատ հետաքրքրված են առողջապահական եւ ֆինանսական ոլորտի ստարտափներով։ Միջոցառմանը մասնակցելու դիմում հայտերը հնարավոր է լրացնել այստեղ։

Մասնակցող ստարտափները պետք է նախ անցնեն որակավորման փուլը, իսկ արդեն միջոցառման ընթացքում՝ հատուկ մշակված կրթական ծրագիր։ Միջոցառման վերջին օրերին կանցկացվեն ստարտափների մրցույթներ։

Մրցանակային նախնական ֆոնդը կազմելու է շուրջ $35.000: Բացի դրամաշնորհային մրցանակներից, մասնակից ստարտափների համար բացվելու են ներդրումների եւ աքսելերացիոն ծրագրերի մեջ ներգրավվելու հնարավորությունններ հայկական եւ հնդկական ֆոնդերի կողմից։

Դեռեւս 2020 թվականին Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից մշակված այս նոր ձեւաչափն առաջին անգամ հաջողությամբ անցկացվել է անցած տարի դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Չնայած առաջին SSSholidays-ը մեկ հարկի տակ էր համախմբել հիմնականում հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին՝ այս անգամ կազմակերպիչները փորձելու են այն հնարավորինս միջազգայնացնել։ Այս պահին մեծ ներգրավվածություն է ակնկալվում հատկապես Հնդկաստանից եւ Ռուսաստանից։

Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագիծը Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռեւս 2016թ.-ից։

2016-2021 թվականներին Հայաստանում եւ արտերկրում անցկացված 7 սամիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություն, բանախոսներ, մենտորներ եւ ներդրողներ ավելի քան 50 երկրից։ Միջոցառման շրջանակում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են 4 մլն դոլարը։