16:42 | 24.11.22 | Նորություններ | 2293

Բիլ Գեյթսի բոլոր ժամանակների ամենասիրելի 5 գիրքը

Բիլ Գեյթսն ավանդույթի համաձայն ամեն տարի ներկայացնում է իր կարդացած գրքերի լավագույն հնգյակը։ Այս անգամ, սակայն, նա ցանկում ներառել է ոչ միայն նախորդ տասներկու ամսվա ընթացքում ընթերցած գրքերը, այլ ընտրել է բոլոր ժամանակների իր ամենասիրելիները:

Ներկայացնում ենք լավագույն գրքերի հնգյակը Գեյթսի մեկնաբանությամբ․

Մեծահասակների համար գիտաֆանտաստիկ ֆիլմի լավագույն ներածություն. «Օտարը տարօրինակ երկրում» (Stranger in a Strange Land), հեղինակ՝ Ռոբերտ Հայնլայն:

photo © Gates Notes


Ես եւ Փոլ Ալենը սիրահարվեցինք Հայնլայնին, երբ դեռ փոքր էինք: Այս գիրքը դեռեւս բոլոր ժամանակների իմ ամենասիրած գիտաֆանտաստիկ վեպերից մեկն է: Այն պատմում է մի երիտասարդի մասին, ով Մարսի վրա մեծանալուց հետո վերադառնում է Երկիր եւ սկսում նոր կրոն։ Կարծում եմ՝ լավագույն գիտաֆանտաստիկ գրականությունը մղում է այն մտածելակերպին, թե ինչ է հնարավոր ապագայում, եւ Հայնլայնին հաջողվել է կանխատեսել հիպի մշակույթի վերելքը դրա ի հայտ գալուց տարիներ առաջ:

Ռոք աստղի լավագույն հուշերը. «Հանձնվել» (Surrender), հեղինակ՝ Բոնո:

photo © Gates Notes


Այս գիրքը լույս տեսել այս ամիս, ուստի այն ամենավերջինն է, որ կարդացել եմ իմ ցուցակում: Եթե U2-ի երկրպագու եք, լավ հնարավորություն է կարդալ գիրքը: Սա զվարճալի ընթերցանություն է այն մասին, թե ինչպես Դուբլինի արվարձաններից մի տղա մեծացավ՝ դառնալով աշխարհահռչակ ռոք աստղ եւ բարերար: Ես բախտավոր եմ Բոնոյին ընկեր անվանել, բայց շատ պատմություններ, որոնք նա պատմում է Surrender-ում, նորություն էին ինձ համար:

Լավագույն ուղեցույց երկիր ղեկավարելու համար. «Մրցակիցների թիմ» (Team of Rivals), հեղինակ՝ Դորիս Քիրնս Գուդվին:

photo © Gates Notes


Ես չեմ հոգնում կարդալ Աբրահամ Լինքոլնի մասին, սա այս թեմայով լավագույն գրքերից է: Հատկապես արդիական է հիմա, երբ մեր երկիրը կրկին բախվում է բռնի ապստամբության, ռասայական բարդ հարցերի եւ խորը գաղափարական պառակտումների: Գուդվինն Ամերիկայի լավագույն կենսագիրներից մեկն է, եւ «Մրցակիցների թիմը», անկասկած, նրա գլուխգործոցն է:

Լավագույն ուղեցույցը սեփական ճանապարհից շեղվելու համար. «Թենիսի ներքին խաղը» (The Inner Game of Tennis), հեղինակ՝ Ռոբերտ Գալուեյ:

photo © Gates Notes


1974 թվականի այս գիրքը պարտադիր է կարդալ բոլոր նրանց համար, ովքեր թենիս են խաղում, բայց կարծում եմ, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք երբեք չեն խաղացել, դրանից ինչ-որ բան կքաղեն: Գալուեյը պնդում է, որ ձեր հոգեվիճակը նույնքան կարեւոր է, եթե ոչ ավելի կարեւոր, քան ձեր ֆիզիկական պատրաստվածությունը: Նա հիանալի խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է կառուցողական առաջ շարժվել սխալներից, որոնց ես տարիների ընթացքում փորձել եմ հետեւել ինչպես կորտում, այնպես էլ դրանից դուրս:

Պարբերական աղյուսակի մասին լավագույն գիրքը․ «Մենդելեեւի երազանքը» (Mendeleyev’s Dream), հեղինակ՝ Փոլ Սթրեյթերն։

photo © Gates Notes


Քիմիայի պատմությունը լցված է այնպիսի տարօրինակ կերպարներով, ինչպիսին է Դիմիտրի Մենդելեեւը, ռուս գիտնական, ով առաջարկել է աղյուսակը, իբր, տեսել է այն երազում: Սթրեյթերնի գիրքը գնում է այդ պատմության հետքերով մինչեւ սկզբնաղբյուր՝ Հին Հունաստան: Սա հետաքրքրաշարժ հայացք է, թե ինչպես է զարգանում գիտությունը եւ ինչպես է զարգացել մարդկային հետաքրքրասիրությունը հազարամյակների ընթացքում: