17:53 | 17.11.22 | Նորություններ | 12573

Վիվա-ՄՏՍ-ի ջանքերով՝ Գնիշիկում նոր ջրընդունիչ է գործարկվել

Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում 7 տարի տարբեր ծրագրեր են իրականացրել:

Գործընկեր կազմակերպություններին հաջողվել է կայուն զարգացման արդյունավետ մոդել կիրառել «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված այս բնակավայրում:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ ամիսներ առաջ Գնիշիկում նոր ջրընդունիչ է կառուցվել, որը գործարկելու նպատակով կազմակերպված շրջայցն սկսվել է ծառատունկով:

Ժամանակակից աղբյուրակապ-ջուրընդունիչ համակարգը հավաքում է աղբյուրի ամբողջ ջրաքանակը, ձնհալի եւ անձրեւների ժամանակ ապահովագրված է կեղտոտվելու հավանականությունից: Խմելու ֆիլտրված ջուրն անցնում է նոր կառուցված ջրագծով եւ հասնում է մայր ջրատար: Գնիշիկ եւ Մոզրով բնակավայրերին մատակարարվող ջրի քանակը վայրկյանում ավելացել է 2-3 լիտրով: Այժմ Գնիշիկում կա շուրջօրյա ջրամատակարարում, իսկ Մոզրովում ամռան ամիսներին հնարավոր կլինի եղած մատակարարումն ավելացնել երեք ժամով։

«Այն, ինչ այստեղ իրականացվել է տարիների ընթացքում, տարբեր ծրագրերի միջոցով, երկարաժամկետ արդյունք է ապահովելու: Եթե փորձենք գնահատել արվածը, ապա կարող ենք արձանագրել, որ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած լուծումները կարեւոր բաղադրիչ են ապահովել. հնարավորության դեպքում ենթակառուցվածք ստեղծել՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: LED լուսարձակներով աշխատող էներգախնայող համակարգի, մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար ներդրված «էլեկտրական հովիվների» օրինակը ասվածի վկայությունը կարող է լինել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Գնիշիկում՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տարիների գործընկերության արդյունքները զգալի են նաեւ ոռոգման ջրի եւ ժամանակակից, էներգախնայող LED լուսատուներով գործող արտաքին լուսավորության համակարգերի ներդրման հարցում: Գյուղում յուրաքանչյուր տնամերձի համար տեղադրվել է առանձին ծորակ՝ հեշտ եւ առանց ջրի հոսակորուստի ոռոգում իրականացնելու համար:

2015թ.-ից մինչեւ օրս, Գնիշիկում եւ Մոզրովում լուսավորվել է մոտավորապես 2300 մետր ճանապարհ, տեղադրվել ավելի քան 68 LED լուսարձակ: Խնայված ռեսուրսներն ու տնտեսված միջոցներն ուղղվել են համայնքային բյուջե՝ այլ խնդիրների կարգավորման նպատակով:  

Գործընկեր կազմակերպություններն իրականացրել են նաեւ գյուղատնտեսական ու բնապահպանական ծրագրեր: