12:23 | 17.11.22 | Նորություններ | 1725

Հայկական Safe YOU-ն հաղթել է BOOST Women Innovators ծրագրում

Հայաստանցի երիտասարդ կանանց ստեղծած Safe YOU հավելվածը մասնակցել է BOOST Women Innovators ծրագրին եւ հաղթող ճանաչվել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։

Safe YOU-ն թվային լուծում է, որը, տրամադրելով անվտանգության գործիքներ, հնարավորություն է տալիս կանանց եւ աղջիկներին պաշտպանվել բռնությունից, ինչպես նաեւ առաջարկում է գործիքներ բռնության ենթարկված անձանց համար։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Safe YOU-ն մասնակցել է ՄԱԶԾ-ի (United Nations Development Programme - UNDP ) կողմից կազմակերպված #BOOST Women Innovators 12-շաբաթյա առցանց ծրագրին, եւ ճանաչվել հաղթող Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից 40-ից ավելի նորարար Կանանց լուծումների շրջանում»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

photo © Safe YOU


BOOST-ն ինովացիոն զարգացման տարածաշրջանային ծրագիր է, որը կազմակերպվում է ՄԱԶԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կողմից: Ծրագրի առաքելությունն է հաղթահարել զարգացման բարդ մարտահրավերները եւ ստեղծել ավելի կայուն ապագա, ինչպես նաեւ խթանել տարածաշրջանում փոփոխություններ կատարողներին:

Ինտենսիվ առցանց ծրագիրը նախատեսված է ստարտափների, ՓՄՁ-ների, սոցիալական ձեռնարկությունների, շահույթ չհետապնդող եւ ակադեմիական հաստատությունների համար։