12:44 | 09.11.22 | Նորություններ | 1374

Հայկական Garoon Tech-ը Energy Globe Award-ի հաղթողն է

Garoon Tech-ը, որը հեշտացնում է ֆերմերների կյանքը, հաղթել է Energy Globe Award մրցույթում։

Energy Globe Award-ը համարվում է աշխարհի ամենանշանակալի բնապահպանական մրցանակը: Այս տարի մրցել է ավելի քան 2500 ծրագիր՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը ավելի քան 180 երկրներից:

Garoon Tech-ի կողմից մշակվող բջջային հավելվածը օպտիմալ կապ է ստեղծում այգեգործի և բուսաբուծությամբ զբաղվող մասնագետների միջև, այն է՝ այգեգործին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն՝ մշակաբույսերի տարատեսակ հիվանդությունների բուժման և դրանց առաջացումից խուսափելու համար։

Արդյունքում, այգեգործները մատչելի վճարի դիմաց հնարավորություն կունենան ստանալու խորհրդատվություն փորձառու մասնագետների կողմից, թե ինչ տեսակի և քանակի պարարտանյութերի կամ բնական հավելումների սնուցում է անհրաժեշտ՝ մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների կամ անբավարարության ախտանիշների հաղթահարման համար։ Մյուս կողմից էլ, բուսաբույծները (ագրոնոմները) կկարողանան վաստակել հավելյալ գումար՝ հեռահար եղանակով։

Պրոդուկտը նածատեսված է ինչպես այգեգործների, փոքր և միջին այգիների և ջերմոցների սեփականատերերի, այնպես էլ բնակարանային բույսերի սիրահարների համար։

«Garoon Tech-ը իսկապես դժվար ժամանակներ է ապրում հետխորհրդային տարածաշրջանում շարունակվող ճգնաժամի պատճառով: Այս տարածաշրջանը նախատեսված էր լինել մեր արտադրանքի սկզբնական թիրախային շուկան: Շատ վերափոխումներ ենք նախատեսում իրականացնել մեր ընկերության ներսում՝ տվյալահեն գյուղատնտեսությանը վերածնունդ հաղորդելու նպատակով, սակայն կայունությունն ու մեր սկզբնական նպատակները միանշանակ են և ենթակա չեն փոփոխման: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հավատալու համար։ Ավելի շատ երիտասարդ մասնագետներ պետք է մշակեն գյուղատնտեսական և բնապահպանական լուծումներ»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Նախագծի նպատակն է ավտոմատացնել հարթակի գործառույթները՝ արհեստական բանականության ալգորիթմերի շնորհիվ։ Արդյունքում սա թույլ կտա նվազեցնել ծառայությունների արժեքը և դառնալ մրցունակ միջազգային շուկայում։ Ընկերությունը առաջիկայում ծրագրում է ընդլայնվել եվրոպական շուկայում։