11:42 | 03.11.22 | Նորություններ | 2264

Meta-ն ընդլայնում է WhatsApp-ի հնարավորությունները

Meta-ն WhatsApp-ում նոր թարմացմամբ ավելացնում է Համայնքների բաժինը, որը մարդկանց մեծ շրջանակներին թույլ կտա հավելվածն ավելի արդյունավետ օգտագործել։

WhatsApp-ի Համայնքները հնարավորություն կտան մարդկանց միավորել առանձին խմբեր մեկ հովանու ներքո՝ իրենց համար հարմար կառուցվածքով: Այդ կերպ հնարավոր կլինի ստանալ թարմացումներ, որոնք ուղարկվում են ողջ Համայնքին եւ հեշտությամբ կազմակերպել ավելի փոքր քննարկման խմբեր իրենց համար կարեւոր հարցերի շուրջ: Համայնքները նաեւ կպարունակեն նոր գործիքներ ադմինների համար, ներառյալ՝ բոլորին ուղղված հայտարարություններ տարածելու հնարավորությունը։

Համայնքները նախատեսված են այնպիսի մեծ խմբերի համար, ինչպիսիք են դպրոցը, թաղամասը կամ աշխատավայրը՝ Slack-ի կամ Discord-ի նմանությամբ։

photo © NextPit


Անվտանգության տեսանկյունից WhatsApp-ում Համայնքներում հաղորդագրությունները ծայրից ծայր գաղտնագրված են (end-to-end encrypted)։

WhatsApp-ն առաջին անգամ այս գործառույթը սկսել է փորձարկել ապրիլին, իսկ այժմ դրանք հասանելի կդառնան բոլորի համար:

Meta-ն նաեւ մի քանի նոր հնարավորություն է ներկայացնում, որոնք կարող են բարելավել առօրյա հաղորդակցությունը՝ Messenger-ի օրինակով ավելացել է հարցումների ֆունկցիան։ Տեսազանգերն այժմ կարող են ունենալ մինչեւ 32 մասնակից, ինչը կարող է հարմար լինել նոր Համայնքում մեծ տեսազանգի համար: WhatsApp-ը նաեւ կրկնապատկում է մեկ խմբում ներգրավված անդամների առավելագույն քանակը՝ 512-ից մինչեւ 1024 օգտատեր: