18:09 | 02.11.22 | Նորություններ | 2687

ՏՏ ղեկավարները կոչ են անում կառավարությանը կանխել արտարժույթի արժեզրկման ստեղծած ռիսկերը

ԱՏՁՄ վարչության անդամների եւ ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել արտարժույթի արժեզրկման հետեւանքով ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության բացասական ազդեցության եւ պետության կողմից ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Սեպտեմբերի 12-ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետեւանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաեւ Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, երկրում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտ է վերոնշյալ նախագծի օր առաջ ընդունումը։

«ՏՏ ոլորտի 90 եւ ավելի տոկոսը համարվում է արտահանող ոլորտ, դա նշանակում է, որ պատվերներն ստացվում են արտարժույթով եւ այն կորուստները, որ այս ընթացքում կազմակերպությունները կրել են, դրանց մեծ մասը չվերականգնվող կորուստներ են։ Արդեն ունենք փակված ընկերություններ, աշխատակիցների կրճատումներ։ Սա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին, որը լուրջ վնաս է տնտեսությանը»,- ասել է Հայկ Չոբանյանը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել տեղական ՏՏ եւ ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլեւ կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական եւ անվտանգային թիկունքի ապահովմանը։

 «Արտահանող ընկերությունները, հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն ունի մեծ կորուստներ, դրանք ուղիղ ազդում են աշխատակիցների պայմանների վատթարացման։

Այս ամենի մասին խոսվել է բազմիցս, լուծումներ են առաջարկվել՝ բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ են տալիս այս ամենից խուսափել։ Սակայն տեսնում ենք ոչ պատշաճ արձագանք։ Այս մոտեցումը անընդունելի է, անտարբերությունն՝ առավել եւս։ Քայլերը, որոնք արվում են, դեռ չեն լուծում խնդիրը։ Մեր նպատակն է ցույց տալ հանրությանը, որ մեծ ռիսկի տակ է դրվում ոլորտի հետագա զարգացումը»,- ասել է «ԼայմՏեխ» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյան։

«Կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ գործել են բնական միջավայրում, ստեղծել են թիմեր ու բարդ խնդիրներ են լուծում, կանգնած են քայքայման եզրին։ ՏՏ կազմակերպությունները, որոնք ներդրումներ էին անում, թե՛ միջավայրի, թե՛ կրթական, սոցիալական զարգացման ծրագրերի մեջ, արդեն չեն կարողանում անել նաեւ այդ ծրագրերը։ Վտանգի տակ են դրվում բարձր տեխնոլոգիական վերարտադրական պրոցեսները նույնպես»,- նշել է «ՎՕԼՕ» ՍՊԸ տնօրեն Արմեն Քոչարյանը։

«Դատաարտ Հայաստան» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանն էլ իր հերթին նշել է, որ խնդիրն օրհասական է, կառավարությունում չեն կարողանում կոնկրետ խնդրի լուծման ճանապարհներ գտնել՝ չնայած այդ ճանապարհներն արդեն իսկ ներկայացված են։

«Շատերին կարող է թվալ, թե այսօրվա մեր ծանր պայմաններում ինչի մասին է խոսքը, բայց եթե հիմա լուծում չտանք, դրանք պահանջելու են երկարատեւ տարիների վերականգնում։ Մենք կունենանք շատ լուրջ խնդիր՝ արտահոսքի հետ կապված։ 25 տարվա ընթացքում մենք փորձել ենք այս ոլորտը ոտքի կանգնեցնել ու վերջին 4 տարում ամբողջովին բերել հարկային դաշտ։ Մարդիկ կարող են այլեւս չգտնել պաշտպանություն կազմակերպության ներքո, որովհետեւ այն կարող է մի օր ուղղակի փակվել։ Ամենամեծ խնդիրը նաեւ Հայաստանի միջազգային անունն է, որը ստեղծվել է 25 տարվա ընթացքում»,-նշել է նա:
 
ԱՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարները նշում են, որ յուրաքանչյուր ուշացում կամ անգործություն ներկայացվող նախագծի ընդունման վերաբերյալ հանգեցնում է անդառնալի հետեւանքների՝ կոչ անելով կառավարությանը առաջիկա նիստում ընդունել վերոգրյալ նախագիծը։