15:49 | 26.10.22 | Նորություններ | 2483

    Google-ն առաջին անգամ հայտնում է YouTube-ի գովազդից եռամսյակային եկամուտների անկման մասին

    Google-ի մայր ընկերություն Alphabet-ը հրապարակել է 2022 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։

    Ընկերության հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,1%-ով՝ կազմելով 69,1 մլրդ դոլար, զուտ շահույթը նվազել է 26,5%-ով եւ կազմել՝ 13,9 մլրդ դոլար։

    YouTube-ի գովազդից ստացված եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 1,9%-ով, այն կազմել է 7,1 մլրդ դոլար, ինչը 2020 թվականից ի վեր առաջին անգամն է, երբ ընկերությունը սկսել է հաշվետվություններ ներկայացնել ստորաբաժանումների կատարողականի մասին:

    Որոնման ծառայություններն ավելացրել են եկամուտը 4,3%-ով՝ կազմելով 39,5 մլրդ դոլար, իսկ ամպային ծառայություններից եկամուտն աճել է 37,6%-ով, որը կազմել է 6,9 մլրդ դոլար։

    Google-ը նախատեսում է դանդաղեցնել նոր աշխատակիցների ընդունման գործընթացը: 2022 թվականի հուլիսին գործադիր տնօրեն Սունդար Պիչային հայտարարել էր ընկերության արդյունավետությունը 20%-ով բարձրացնելու ծրագրերի մասին՝ հրաժարվել ավելորդ հանդիպումներից, դրանք ավելի կարճացնել:

    2022 թվականի սեպտեմբերին Google-ը հայտարարել էր Stadia ամպային խաղերի ծառայության փակման մասին։ Ընկերությունը նաեւ կրճատել է իր ստարտափ ինկուբատորի ծախսերը, սակայն չի նշել, թե որքանով: