17:52 | 19.10.22 | Նորություններ | 2487

Հայկական Hexens-ը $4,2 մլն ներդրում է ստացել

Հայ հիմնադիրներ ունեցող Hexens-ը, որը զբաղվում է բլոկչեյնի ոլորտում կիբերանվտանգությամբ, $4,2 մլն սաղմնային ներդրում է ստացել IOSG Ventures-ի գլխավորությամբ։

Գործարքն իրականացվել է Delta Blockchain Fund-ի, Chapter One-ի, Hash Capital-ի, ImToken Ventures-ի, Tenzor Capital-ի, Polygon-ի եւ այլ բլոկչեյն նախագծերի հրեշտակների մասնակցությամբ:

Hexens ընկերությունը զբաղվում է բլոկչեյնի ոլորտում կիբերանվտանգությամբ, Smart Contract-ներով, անցկացնում է Penetration testing-ներ, կրիպտոգրաֆիկ աուդիտներ, կիբերանվտանգության միջադեպերի հետաքննություններ, ամպային ծառայությունների աուդիտներ եւ այլն։ Hexens-ի կիբերանվտանգության մոտեցումը մասշտաբային է. համադրելով համարձակ գաղափարները եւ Web3 շուկայի լայն տեսլականը՝ ընկերությունը ծրագրում է 2023 թվականի վերջին գործարկել իր առաջին պրոդուկտը:

«Բլոկչեյնն ամենաարագ զարգացող ոլորտներից է եւ, ինչպես շատերն են կարծում, փողի ապագան։ Արագ աճը բերում է հսկայական կիբերանվտանգության ռիսկերի, եւ ինչպես տեսնում ենք հիմա, տեխնոլոգիան բախվում է զանգվածային մերժման ռիսկին, եթե մենք պատշաճ կերպով չանդրադառնանք կիբերհանցագործությունների աճող սպառնալիքներին»,- նշել է Hexens-ի համահիմադիր եւ գործադիր տնօրեն Սիփան Վարդանյանը։

«Միայն 2022 թվականին $2 մլրդ կորուստը կրիպտո աշխարհի հաքերային հարձակումների հետեւանքով ցույց է տալիս կիբերանվտանգության կարեւորությունը եւ առաջին կարգի կիբերանվտանգության ծառայությունների մեծ պահանջարկը։ Մենք ուրախ ենք համագործակցել Hexens թիմի հետ՝ Web 3.0-ն ավելի ապահով վայր դարձնելու առաքելությամբ»,- ասել է IOSG Ventures-ի գործընկեր Քուինի Վուն։

Ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական գծով ղեկավար Վահե Կարապետյանի հետ iTel.am-ի հարցազրույցը Hexens-ի ստեղծման, առանձնահատկությունների, թիմի ու նոր պրոդուկտ ստեղծելու մասին կարող եք կարդալ այստեղ։