13:17 | 10.10.22 | Նորություններ | 1462

«Մեղու» մրցույթը վերադառնում է նոր մոդելով

«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթում «Այբ» կրթական հիմնադրամը ներդնում է նոր՝ դպրոցների բաժանորդագրության մոդել։ Նպատակը Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի աշակերտների, ուսուցիչների եւ դպրոցների համար ավելի մեծ հնարավորություններ ապահովելն է։

Բաժանորդագրության փաթեթային մոդելով դպրոցները հնարավորություն ունեն նվազագույն ռեսուրսներով ապահովելու 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների մասնակցությունը մրցույթին, անվճար գրանցումը հարթակում եւ ազատ հասանելիություն մրցութային բոլոր նախապատրաստական նյութերին։ Սրան զուգահեռ մեծացվում է մրցութային հարթակի կառավարելիությունը՝ ստեղծելով կրթական որակյալ բովանդակություն, միավորների ավտոմատ հաշվարկ, պարզեցված կառուցվածք եւ առավելագույն տեխնիկական սահունություն մասնակիցների համար։

Այս ամենը հնարավոր է դառնալու դպրոցների հետ համակարգված գործակցության շնորհիվ՝ ապահովելով մրցութային օրերի արդյունավետ բաշխվածություն սովորողների տարբեր տարիքային խմբերի համար։

Առավելություններ ստանում են նաեւ ուսուցիչները։ Նոր մոդելը նախատեսում է կրթական վեբինարներ, վերապատրաստումներ եւ ուսումնական նյութերի անվճար հասանելիություն ուսուցիչների եւ դպրոցի անձնակազմի համար։

Մրցույթի արդյունքում լավագույն մրցանակակիր-աշակերտներ ունեցող ուսուցիչները կհրավիրվեն եզրափակիչ ուսուցչական համաժողովի։ Սա թույլ կտա տեսանելի դարձնել ուսուցիչների աշխատանքն ու դերը կրթական եւ հանրային ասպարեզում, փոխգործակցության երկարամյա մշակույթով ներգրավել նրանց «Այբ»-ի ուսուցչական համայնքում։

Բաժանորդագրության մոդելին զուգահեռ պահպանվելու է անհատական գրանցումը։ Դա հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին, անկախ նրանց դպրոցի բաժանորդագրությունից, անմասն չմնալու կրթական տոնից, գնահատելու սեփական կարողություններն ու սահմանելու կրթական գերազանցության նոր նշաձողեր։

Դպրոցների բաժանորդագրության փուլը բաց է։ «Այբ»-ի մրցույթների էջում  հասանելի է բաժանորդագրության համար անհրաժեշտ ողջ տեղեկությունը։ Անհատական գրանցումը մեկնարկելու է բաժանորդագրության փուլի ավարտից հետո՝ նոյեմբերին։

Մրցույթը ծրագրված է անցկացնել դեկտեմբերի վերջին։ Գրանցման ընթացքին եւ թարմացումներին հետեւելու համար մրցույթի նախաձեռնող «Այբ» կրթական հիմնադրամը բացել է Ayb Educational Foundation վայբերյան խումբը։

«Մեղու» մրցույթը, ժամանակակից առցանց թեստերի իր գործիքակազմով, հայոց լեզվի եւ տրամաբանության շուրջ է համախմբում սովորողներին եւ միավորում մտքի զարգացման համընդհանուր օրինաչափությունը հայերենի ճանաչողական նպատակների հետ։

2014–ից «Մեղուն» այս առաքելությամբ անցկացվում է Հայաստանի եւ Արցախի, իսկ 2019-ից՝ սփյուռքի 3-12-րդ դասարանների աշակերտների համար։