11:35 | 02.09.22 | Նորություններ | 1664

Meta-ն մշակել է մտքեր կարդացող AI

Meta ընկերությունը ներկայացրել է ուսումնասիրություն ուղեղի գործունեության վերծանման եւ խոսքի վերածելու AI մոդելի մշակման վերաբերյալ։

Հետագայում գիտնականները նախատեսում են ավելացնել բառերի եւ արտահայտությունների սահմանման ճշգրտությունը։

Meta-ն ներկայացրել է «ուղեղի ապակոդավորիչի» ստեղծման հետազոտությունը, որը, օգտագործելով արհեստական ինտելեկտի մոդելը, վերծանում է ուղեղի գործունեությունը եւ այն վերածում խոսքի: Գործիքը կարող է օգտագործվել օգտատերերի հետ մտավոր շփվելու համար։

Նշվում է՝ Meta-ի տեխնոլոգիան տարբերվում է նմանատիպ զարգացումներից նրանով, որ այն օգտագործում է ոչ ինվազիվ մեթոդներ ուղեղի ակտիվությունը գրանցելու համար։ Ընկերությունը կիրառել է էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (EEG) եւ մագնիտոէնցեֆալոգրաֆիա (MEG), որոնք օգտագործում են միայն արտաքին սենսորներ:

AI-ն արձանագրել է, թե ինչպես է մասնակիցների ուղեղն արձագանքում աուդիոգրքերին եւ առանձին արտահայտություններին, այնուհետեւ տեքստից առանձնացրել է անհրաժեշտ բառերը եւ կազմել «բառարան», ըստ որի նրանք իրականացրել են հակառակ գործընթացը՝ մտքերը վերածելով խոսքի:

Հետազոտողները հասել են 73% ճշգրտության՝ օգտագործելով 793 բառից բաղկացած մի շարք, որոնք առավել հաճախ օգտագործվում են առօրյա կյանքում։

Հետագայում արհեստական ինտելեկտը, ըստ հետազոտողների, կկարողանա ավելի ճշգրիտ բացահայտել բառերն ու արտահայտությունները՝ օգտագործելով ավելի լայն բառապաշար: Այս մշակումը կարող է օգնել ոչ միայն այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն խոսել կամ գրել, այլեւ՝ մարդու ուղեղի ուսումնասիրության հարցում: