Օգոստոսի 12-ից Telegram մեսենջերը սկսել է թարմացվել։ Հայտնվել է ձայնային եւ տեսահաղորդագրությունների արգելափակման երկար սպասված գործառույթը, ինչպես նաեւ եզակի էմոջիներ ստեղծելու հարթակը։ Բոլոր փոքր էմոջիների անիմացիոն տարբերակները կարող էին հայտնվել մեսենջերում, սակայն դա դեռ չի ստացվել։
Ավելի վաղ, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ասել էր, որ Telegram-ի առաջիկա թարմացումը «կհեղափոխի այն, թե ինչպես են մարդիկ արտահայտում իրենց մտքերը հաղորդագրություններ փոխանակելիս»։ Սակայն, Դուրովի նոր ուղերձից պարզ է դառնում, որ հեղափոխությունն ամենեւին էլ չի եղել։
Իր ալիքում Telegram-ի հիմնադիրն ասել էր, որ Apple-ը, որը նախկինում հետաձգել էր մեսենջերի բջջային հավելվածի թարմացումը, պահանջել է բոլոր ստանդարտ էմոջիների ավելի լավ վեկտորային անիմացիոն տարբերակները հեռացնել Telemoji-ի վերջին տարբերակից։ Հավանաբար, այս նորամուծությունը եղել է առանցքայիններից մեկը։
Դուրովի խոսքով՝ Telemoji-ն կարող էր զգալիորեն փոխել մեսենջերը։
«Սա տարակուսելի քայլ է Apple-ի կողմից, քանի որ Telemoji-ն միանգամայն նոր հարթություն կհաղորդի ցածրորակ ստատիկ էմոջիներին եւ մեծապես կհարստացնի նրանց էկոհամակարգը: Բայց սա երկարաժամկետ հեռանկարում լավ է Telegram-ի համար, քանի որ այժմ մենք Telemoji-ին էլ ավելի յուրահատուկ եւ ճանաչելի կդարձնենք»,- նշել է Telegram-ի հիմնադիրը։
9to5Mac-ին տված մեկնաբանությունում Apple-ի ներկայացուցիչը նշել է, որ App Store-ի հավելվածների վերանայման թիմը պարզել է, որ Telegram-ի նոր էմոջիներից մի քանիսը չափազանց նման է Apple-ի բրենդավորված էմոջիներին: Եվ համաձայն App Store-ի ուղեցույցի՝ երրորդ կողմի մշակողները չեն կարող ստեղծել հավելվածներ, որոնք «նման են Apple-ի առկա արտադրանքներին»: Այդ պատճառով հիմնական Telemoji հավաքածուն հանվել է iOS-ի տարբերակից: