17:47 | 05.08.22 | Նորություններ | 2476
Հայաստանցի երիտասարդ կանանց ստեղծած Safe YOU հավելվածը հաղթել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Համատեղ նորարարական մարտահրավերներ» մրցույթում։
Safe YOU-ն թվային լուծում է, որը, տրամադրելով անվտանգության գործիքներ, հնարավորություն է տալիս կանանց եւ աղջիկներին պաշտպանվելու բռնությունից, ինչպես նաեւ առաջարկում է գործիքներ բռնության ենթարկված անձանց համար։
Մրցույթի ընթացքում ստացվել է 300 հայտ 61 երկրից: Եզրափակիչ փուլում 20 մասնակից փորձագիտական խմբին է ներկայացրել իր գաղափարները, որից հետո ՄԱԲՀ-ն 10 հաղթողի հետ ստորագրել է ինը ամսվա պայմանագիր եւ տրամադրել 60,000 ԱՄՆ դոլար՝ առանց նախապայմանների:
Ֆինանսավորումը թույլ կտա այս կազմակերպություններին փորձնական փուլից անցնել ծրագրի մասշտաբային իրականացման: ՄԱԲՀ-ն եւ գործընկեր կառույցները կշարունակեն հետագայում եւս աջակցել սոցիալական ձեռնարկություններին։
ՄԱԲՀ-ի «Հավասարության աքսելերատոր» ֆոնդը, որը հիմնադրվել է 2021 թ.-ին, աջակցում է կանանց եւ աղջիկների համար մայրական առողջության ծառայությունների եւ բեղմնականխման միջոցների հասանելիությանը եւ գենդերային բռնության վերացմանը նպաստող ծրագրերին։ Հիմնադրամը առանց նախապայմանների աջակցություն է տրամադրում այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ղեկավարում կամ համաղեկավարում են կանայք, եւ որոնք կարող են փաստարկված ցույց տալ իրենց ծրագրերի իրական ազդեցությունը՝ նրանց հնարավորություն ընձեռելով փորձարկել եւ ընդլայնել այդ նախագծերը։