15:52 | 01.08.22 | Նորություններ | 1890

Ամփոփվել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը

Հուլիսի 30-31-ը Երեւանում անցկացվել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը։

FemInno-ն միավորել էր ավելի քան 30 խոսնակի Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները, ինչպես նաեւ խոսել բիզնեսում, ՏՏ ոլորտում եւ գիտության մեջ կանանց ներգրավվածության կարեւորության մասին։

Ամփոփվել են FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Հաղթող են ճանաչվել MiCoFe եւ Oqni ստարտափները եւ կիսել են 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը։

MiCoFe ստարտափը սուրճի մնացորդները վերածում է պարարտանյութի։ Մնացորդները հավաքում են սրճարաններից, մշակում ու դարձնում պարարտանյութ։

Oqni ստարտափը Թումո կենտրոնների հետ իրականացնում է համատեղ նախագիծ, որի ընթացքում ուսանողները տեղացի եւ միջազգային մասնագետների հետ ստեղծում են ոտքի AI Bionic եւ 3D կենսամեխանիկական պրոթեզներ:

Կոնֆերանսի ընթացքում հայտարարվել են նաեւ դժբախտ պատահարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ ստացածների անունները։ Կրթաթոշակի համար դիմած 40 հոգուց ընտրվել է 10-ը։ Կրթաթոշակը տրամադրվում է այն կանանց եւ աղջիկներին, որոնք ներգրավված են տեխնոլոգիաների, գիտության, կանաչ էներգիայի ոլորտներում։

FemInno hամաժողովի գլխավոր նպատակներն էին բիզնեսի, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը որպես հիմնական ուղի, տարբերության եւ ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը եւ որակավորումը, աշխատանքի եւ ցանցային հնարավորությունների ստեղծումը: