11:54 | 21.07.22 | Նորություններ | 55752

ՀայՓոստը գործարկել է ՀայՓոստ+ հավելվածը

ՀայՓոստը հուլիսի 20-ին գործարկել է ՀայՓոստ+ հավելվածը, որի շնորհիվ կթվայնացվեն ընկերության մի շարք փոստային գործառույթները:

ՀայՓոստ+ հավելվածով օգտատերերն առանց փոստ այցելելու կարող են օգտվել հետեւյալ ծառայություններից՝

•    պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի) ուղարկված ծանուցումների ստացում հեշտ եւ արագ,
•    բեռնային համարի միջոցով առաքանու հետեւում եւ այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում,
•    փոստային հաշվիչներ,
•    առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում,
•    փոստային ծառայություններին ծանոթացում եւ այլն:

«ՀայՓոստ+ հավելվածի թողարկմամբ սահմանում ենք փոստային ծառայությունների մատուցման բոլորովին այլ մակարդակ՝ ավարտում ենք ծառայությունների թվայնացման գործընթացի կարեւորագույն փուլը, ինչը մեր ռազմավարության գլխավոր նպատակներից է: Հավելվածը մեր հաճախորդներին հնարավորություն կտա էլեկտրոնային իրավահավաստի նամակներ/հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացները»,- նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հավելվածի տվյալների պահպանման համար օգտագործվել է բլոկչեյն տեխնոլոգիան, որն ապահովում է տվյալների անվտանգությունը։

ՀայՓոստ+ հավելվածի 1․0 տարբերակը հասանելի է AppStore-ում եւ GooglePlay-ում:

Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինեն

•    նամակների եւ առաքանիների օնլայն ձեւակերպման ծառայությունը,
•    առաքիչի կանչը,
•    հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկ: