17:55 | 20.07.22 | Հոդվածներ | exclusive 3973

WEB3.0 Armenia հիմնադրամ. Ուսուցում, լոբբինգ, փորձի փոխանակում

WEB3.0 Armenia հիմնադրամը միավորում է WEB3.0-ի բոլոր էնտուզիաստներին, մշակողներին, ստարտափներին ու դրա ապագային հավատացողներին:

WEB3.0 Armenia հիմնադրամը նախագծվել է Հայաստանում կայուն WEB3.0 համայնք կառուցելու եւ դրա աջակցության նպատակով: Այն համախմբել է CoinStats, BlockStars, CyberHUB, Hexens, Scrypton, Layerswap, Azuro, Exio, Spheroid Universe ընկերությունները, նաեւ՝ այս տեխնոլոգիան կիրառող այլ ընկերությունների։

WEB3.0 Armenia-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանն iTel.am-ի հետ զրույցում պատմել է Հայաստանում WEB3.0 տեխնոլոգիայի մշակման, հիմնադրամի ստեղծման, նպատակների ու գործունեության ուղղությունների մասին։   

WEB3.0 տեխնոլոգիան՝ թվային էվոլյուցիայի տրամաբանական շարունակություն
 
WEB3.0-ը հաջորդ սերնդի համացանցն է: Առաջին սերնդի համացանցը WEB1.0-ն էր, որտեղ օգտատերերը սերվերներից ինչ-որ ինֆորմացիա եւ տեքստեր էին կարդում:

Դրան փոխարինեց WEB2.0-ը, որտեղ սովորական օգտատերերը նաեւ բովանդակություն ստեղծողներ էին:

Էվոլյուցիայի վերջին աստիճանը WEB3-ն է, որտեղ դրա բոլոր օգտատերերը հավասար են, այստեղ մեծ ընկերությունները չեն տիրապետում օգտատերերի ամբողջ ինֆորմացիային, այն ապակենտրոնացված է եւ հիմնված բլոկչեյնական տեխնոլոգիաների վրա։ Բլոկչեյնն ինչ-որ չափով խթանիչ եղավ WEB3.0-ի համար։

WEB3.0-ը մեծ ընկերությունների ահն ու սարսափն է

WEB3.0-ն անխուսափելի է, քանի որ ժամանակի ընթացքում մարդիկ ձգտում են առավել լիբերալ եւ անկախ լինել, իրենց ձեռքում ուժ ունենալ։ Ներկայում ոչ մեկ չի ցանկանում «արթնանալ» եւ տեսնել, որ, օրինակ, Facebook-ը փակվել է:

Կարելի է ասել, որ WEB3.0-ը մեծ ընկերությունների ահն ու սարսափն է: Երբ ամբողջովին անցում կատարվի WEB3.0 տեխնոլոգիայի, մեծ ընկերությունների շահույթները կտրուկ կնվազեն եւ դրանք աստիճանաբար կվերանան, քանի որ բովանդակություն ստեղծողն առանց միջնորդի ուղղակիորեն կապվելու է սպառողի հետ։

Մեծ ընկերությունների համար կա երկու ճաապարհ. կամ հակառակվել՝ ինչ-որ ժամանակահատվածով հետ գցելով առաջընթացը եւ, ի վերջո, պարտվել, կամ փորձել մտնել դրա մեջ ու տանել իրենց ցանկալի ուղղությամբ։ Պայքարն արդեն սկսվել է։ Համակարգն ակնհայտորեն առավելություն է ունենալու։

WEB3.0 Armenia հիմնադրամի գաղափարն ու նպատակները

Հայաստանում WEB3.0 տեխնոլոգիայով զբաղվող ընկերությունները շատ են, սակայն պետք չէ նրանց խառնել կրիպտոարժույթներով կամ NFT-ով զբաղվողների հետ:

Հավաքվել ենք Հայաստանում WEB3.0 տեխնոլոգիայով զբաղվող բոլոր ընկերութուններով եւ ստեղծել հիմնադրամ, որը զբաղվում է WEB3.0 տեխնոլոգիայի ուսուցմամբ, քանի որ կադրերի խիստ պակաս կա։

Հիմնադրամը զբաղվում է նաեւ լոբբինգով, որպեսզի Հայաստանում այս ոլորտը կարգավորող ճիշտ օրենքներ գործեն։ Այդ նպատակով ներկայում հիմնադրամը Կենտրոնական բանկի եւ այլ պետական կառույցների հետ խորհրդատվությունների անցկացման փուլում է։ Քննարկումներն ընթացքի մեջ են, ինչ-որ տեղերում համաձայնության ենք գալիս, բայց կան շատ հարցեր, որոնց շուրջ դեռ բանակցում ենք։

Ստարտափների ինկուբատոր, ներդրումներ ու կրթություն

Հիմնադրամի ստեղծման հաջորդ ուղղությունը ստարտափների ինկուբատորն է, որով փորձում ենք ցանկացած հարցով աջակցել այս ոլորտում սկսնակ ընկերություններին՝ խորհրդատվությունից սկսած ընդհուպ ֆինանսավորման աղբյուրներ ներգրավելու հարցը: Հիմնադրամի նախնական բյուջեն ձեւավորվել է հիմնադիրների կողմից:

Հիմնադիրների ցանկում են ArmSec-ի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը, SkyCryptor-ի հիմնադիր Արամ Ջիվանյանը, Hexens-ի համահիմնադիր Սիփան Վարդանյանը, CoinStats-ի հիմնադիր Նարեկ Գեւորգյանը եւ ոլորտի այլ հայտնի անձինք։

Արտյոմ Հարությունյանը Արտյոմ Հարությունյանը
photo © WEB3.0 Armenia Foundation


Հիմնադրամի նպատակներից մեկը փորձի փոխանակումն է, քանի որ Հայաստանում արդեն կան ընկերություններ, որոնք այս ոլորում կարողացել են մեծ ներդրումներ ստանալ։

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում նախատեսվում է WEB3.0 տեխնոլոգիայի բաժին բացել եւ եռամսյա դասընթացներ անցկացնել։ Այնպես որ, կարելի է ասել՝ մոտեցումն ինստիտուցիոնալ է։

Հիմնադրամի նախնական ֆոնդը դեռ բավարարում է միայն կրթական ծրագրերի, լոբբինգի համար։ Քանի որ մենք շահույթ չհետապնդող հիմնադրամ ենք, հետագայում պլանավորում ենք այլ գլոբալ ֆոնդերից եւս ներդրումներ ներգրավել ու ընդլայնել մեր գործունեությունը։

Նունե Գրիգորյան