17:59 | 15.07.22 | Հոդվածներ | exclusive 3193
Հայկական Noor Games-ի ստեղծած Basket Battle խաղը Google Play Store-ում անվճար խաղերի առաջին հորիզոնականում էր հայտնվել, իսկ բոլոր տեսակի հավելվածների վարկանիշային աղյուսակներում` երկրորդ հորիզոնականում։
Սա ընկերության արդեն երրորդ խաղն է, որ հաջողություն է գրանցում միջազգային հարթակներում ու ընդգրկվում ամերիկյան շուկայի թոփերում։
Noor Games-ը հիմնադրվել է 2015 թվականին եւ սկզբնական շրջանում միայն պատվերներ էր կատարում, իսկ 2018-ին թողարկել է առաջին սեփական արտադրության խաղը։
Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը iTel.am-ին պատմել է խաղային ոլորտում պատվերներ կատարելուց մինչեւ սեփական խաղերը ստեղծելու ճանապարհի, իրենց հաջողությունների, թիմային աշխատանքի զարգացման մասին։
Noor Games-ի առաջին խաղը
Մինչեւ 2018 թվականը աշխարհի տարբեր ծայրերից պատվերներ ունեինք՝ մեծ ու փոքր նախագծեր։
2018-ին սկսեցինք զբաղվել hyper casual ժանրի մոբայլ խաղերով։ Դրանք այն խաղերն են, որոնք մարդիկ կարող են խաղալ ու ավարտել շատ կարճ ժամանակում, օրինակ՝ մեկ րոպեն բավական է մեկ կամ երկու մակարդակ անցնելու համար։ Կյանքն արագացել է ու այսպիսի խաղերը թրենդային են։
Նպատակն այն էր, որ կարճ սեսիաներով հաճելի խաղացվող խաղեր ստեղծենք։ Մեր օգտատերերի կեսից ավելին առաջին օրը խաղալուց հետո անպայման վերադառնում են։ Նման խաղերի առավելությունը նաեւ այն է, որ կախվածություն չեն առաջացնում։ Մեկ խաղը առավելագույնը հնարավոր է 2-3 շաբաթ խաղալ ու այն կսպառվի, քանի որ ծավալը փոքր է։
Մենք անընդհատ նախատիպեր ենք մշակում՝ որը շուկայում թեստավորում է անցնում ու լավ արդյունք է ցույց տալիս, շարունակում ենք աշխատել ու վերջնական պրոդուկտ ենք ստանում։
Խաղի մշակումը տարբեր փուլեր ունի։ Նախատիպը միջինում երկու շաբաթում է ստեղծվում, որը թույլ է տալիս հասկանալ ներուժը: Հետո աշխատանքը կարող է 3-ից մինչեւ 6 կամ ավել ամիսներ տեւել։ Սա՝ մինչեւ հրատարակումը, որից հետո էլի անընդհատ թարմացումներ, բովանդակության ավելացում, որակի բարելավում ենք ապահովում։
Labmercraft
Առաջինը հաջողության հասավ Labmercraft խաղը, որը հրատարակվել է 2021-ին եւ App Store-ում ու Google Play-ում հասել է առաջին հորիզոնականներ։ Խաղի հերոսը փայտահատ է, որն ունի թշնամիներ ու պետք է փայտ կտրի ու դրանով տարածքներ ու ամրություններ ստեղծի, որպեսզի թշնամիներից պաշտպանվի։ Խաղն ունի մոտ 29 մլն ներբեռնում։